HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զինուժը հրթիռակոծել է Կրամատորսկի կենտրոնը. զոհվել է 10, վիրավորվել՝ 60 մարդ

Ուկրաինայի իշխանությունների վերջին տվյալներով՝ առնվազն 10 մարդ է զոհվել հունիսի 27-ի գիշերը ռուսական զինուժի կողմից Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ զոհերի թվում կան 14-ամյա երկու քույր և 17-ամյա մի աղջիկ։

Տուժածների վերաբերյալ տվյալները տարբերվում են։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի գնահատմամբ՝ տուժել է 60, իսկ ՆԳՆ փոխանցմամբ՝ 61 մարդ։ Տուժածների թվում կա 2022 թվականին ծնված երեխա, նա 8 ամսական է։

Ինչպես պնդում է Ուկրաինայի գլխավոր դատախազը, ռուսական զորքերը «Իսկանդեր» համակարգից երկու հրթիռ են արձակել Կրամատորսկի ուղղությամբ։ Ի սկզբանե նշվում էր, որ հարվածը հասցվել է С-300 համակարգից։ Մասնավորապես, այդ մասին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հիմնական հարվածը հասցվել է Կրամատորսկի կենտրոնին։ Ավերվել է Ria Pizza ռեստորանը, որտեղ այդ պահին տասնյակ մարդ կար։ Հրթիռի ընկնելուց հետո այնտեղ հրդեհ է առաջացել։ Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտարարել է, որ վնասվել են նաև 18 բազմահարկ շենք և 65 բնակելի տուն, 5 դպրոց, 2 մանկապարտեզ, առևտրի կենտրոն, հյուրանոց և այլ շինություններ։ 

Երկրորդ հրթիռն ընկել է Կրամատորսկի արվարձանում գտնվող Բելենկոյե գյուղի սեփական տներից մեկի վրա։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այնտեղ վիրավորվել է 5 տեղացի։ 

BBC News Ukrainian-ը, հղում անելով Aquanta Ucraina կազմակերպությանը, գրում է, որ Կրամատորսկի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով տուժել է Կոլումբիայի 3 քաղաքացի, որոնք գտնվում էին պիցցայանոցում։ Խոսքը քաղաքական գործիչ Սերխիո Խարամիլյոյի, գրող Էկտոր Աբադի և լրագրող Կատալինա Գոմեսի մասին է։ Նրանք հանդիպում էին ուկրաինացի գրող Վիկտորիա Ամելինայի հետ, որը վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Պիցցայանոցում եղել է նաև Բրյուսելից լրագրող Արնո դե Դեքերը, որը պայթյունի մասին պատմել է թվիթերյան իր միկրոբլոգում։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կրամատորսկին հասցված հարվածն անվանել է ռուսական զորքերի կողմից տեռոր։ «Ահաբեկչության յուրաքանչյուր նման դրսևորում կրկին ու կրկին ապացուցում է և՛ մեզ, և՛ ամբողջ աշխարհին, որ Ռուսաստանն արժանի է միայն մեկ բանի այն ամենի պատճառով, ինչ նա արել է. պարտություն և տրիբունալ, արդար և օրինական դատարաններ ռուսաստանցի բոլոր մարդասպանների և ահաբեկիչների համար»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։

«Осторожно, новости» նախագիծը գրել է, որ Կրամատորսկի հրթիռակոծությունից հետո ռուսական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները, որոնք աջակցում են Ուկրաինայում ռուսական ներխուժմանը, հայտարարել են, որ Ria Pizza հաճախ այցելում էին ուկրաինացի զինվորականները, օտարերկրյա կամավորները և լրագրողները։ Կրեմլամետ Readovka ալիքը պնդում է, որ հրթիռակոծման պահին հաստատությունում, իբր, եղել են օտարերկրյա վարձկաններ։ 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ «թարմ հետքերով» ձերբակալել է ռուսական հատուկ ծառայությունների լրտեսի, որն ուղղորդում էր Կրամատորսկի կենտրոնում գտնվող ռեստորանի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածը։

Քաղաքի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները կարծում են, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Դոնեցկի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել պատերազմի վարման կանոնների խախտման հոդվածով։

ՌԴ պաշտպանության նախարարությունում Կրամատորսկի հրթիռակոծությունը չեն մեկնաբանել։

Լուսանկարը՝ Genya Savilov / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter