
Էդուարդ Աղաջանյանի հայտարարագրում ավելացել են նախկինում չհայտարարագրված մոտոցիկլները
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նախորդ տարիներին թերի հայտարարագրեր է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակված 2022թ․ տարեկան հայտարարագրից։
2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրում Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ՝ 2020 թվականի թողարկման YAMAHA, 2013 թվականի Parvaz GL մակնիշի մոտոցիկլներ և մեկ 2013 թվականի թողարկման NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենա։ YAMAHA մակնիշի մոտոցիկլը, ըստ հայտարարագրի, պատգամավորը ձեռք է բերել 2021 թվականի մարտին, սակայն նախորդ տարվա հայտարարագրում տրանսպորտային միջոցի ձեռք բերման մասին նշված չէ։
«Հետքի» հետ զրույցում Աղաջանյանը նշեց, որ դա օգնականի վրիպման հետևանքով է եղել, YAMAHA մակնիշի մոտոցիկլը նախորդ տարի ձեռք է բերել մոտավոր 9000 ԱՄՆ դոլարով։
Parvaz GL մակնիշի մոտոցիկլը պատգամավորը ավելի վաղ է ձեռք բերել՝ 2014 թվականին, սակայն նախորդ տարիներին՝ 2018-ից սկսած, ոչ մի անգամ չի հայտարարագրել։ Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանեց, որ նշվածը իրանական արտադրության մոպեդ է, որը գնել է մոտ 300 ԱՄՆ դոլարով, նվիրել է եղբորը։ Աղաջանյանի խոսքով՝ տրանսպորտային միջոցը վատ վիճակում է և չի շահագործվում, նախորդ տարիներին էլ հայտարարագրված չի եղել, որովհետև պատգամավորը «մոռացել էր, որ իր անունով է գրանցված»։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկում էր ներկայացրել, որովհետև հարցում էին ուղարկել Ճանապարհային ոստիկանություն, որտեղից պատասխանել էին, որ իմ տրանսպորտային միջոցների ցանկը սպառիչ չէ»,- ասաց Աղաջանյանը՝ բացատրելով նոր հայտարարագրում հին մոտոցիկլների հայտնվելը։
Մինչև 2020 թվականը ներառյալ Էդուարդ Աղաջանյանի տրանսպորտային միջոցների բաժնում հայտարարագրված է եղել 2005 թվականի թողարկման MAZDA մակնիշի մարդատար ավտոմոբիլ, սակայն 2021 և 2022 թվականների հայտարարագրերում մեքենայի օտարման կամ առկայության վերաբերյալ ոչինչ չի նշվում։
Աղաջանյանը նշեց, որ անվանափոխություն է եղել, մեքենան գրանցվել է Լևոն Աղաջանյանի անունով։ Սա ևս պաշտոնյայի հայտարարագրերում չի երևում։
Մեկնաբանել