
Ուկրաինայի հաղթանակը Հարավային Կովկասում խաղաղության համար հնարավորություն է. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի հաղթանակը Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ու Հարավային Կովկասում խաղաղության համար հնարավորություն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Գերագույն ռադայում Ուկրաինայի սահմանադրության օրվա կապակցությամբ իր ելույթի ժամանակ։
«Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի, նոր հնարավորություն՝ Հարավային Կովկասի, կամք և խաղաղություն՝ Բելառուսի, էներգիա՝ Բալթիկ-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն՝ ամբողջ Կենտրոնական Ասիայի, շանս՝ Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսաստանցիների կողմից», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Նրա պնդմամբ՝ Ուկրաինան երբեք չի համաձայնի Ռուսաստանի հետ սառեցված հակամարտության։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինան խաղադրույք կկատարի դաշինքների վրա և երկխոսություն կծավալի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության շուրջ։
«Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության որևէ տարբերակի։ Ընդհակառակը, Ուկրաինան մեր խաղաղության բանաձևով կօգնի աշխարհի մյուս բոլոր ժողովուրդներին, ովքեր ձգտում են իրական խաղաղության», - հայտարարել է նախագահ Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանն իր բոլոր հարևաններին դիտարկում է որպես ստրուկներ և թշնամիներ: «Ակնհայտ է, որ աշխարհը կա և լինելու է մեր կողքին։ Ակնհայտ է, որ Ուկրաինան կուժեղացնի գործընկերություններն ու դաշինքները, որոնց անդամակցում է։ Մենք արդեն պատմականորեն ուժեղացրել ենք ԵՄ-ն և եվրոպական միասնությանը տվել այնպիսի ուժ, ինչպիսին ԵՄ-ն երբեք չի ունեցել»,- նշել է նա՝ հավելելով, որ ուկրաինական բաղադրիչն այն է, ինչը պակասում էր Եվրամիությանը։
Զելենսկու կարծիքով՝ և՛ Ուկրաինան, և՛ Միության անդամները հասկանում են, որ սա այլևս երազանք չէ, այլ՝ իրականություն։ «Ուկրաինան ստացել է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս տարի մենք պետք է երկխոսություն սկսենք լիիրավ անդամակցության շուրջ։ <...> Նույնը կլինի նաև ՆԱՏՕ-ի դեպքում, և դա երազանք չէ, դա արդեն իրականություն է»,- հավելել Է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դադարեն հետ նայել Ռուսաստանին՝ կարևոր որոշումներ կայացնելիս, ինչպես, օրինակ, Դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցի պարագայում։ «Ռուսաստանը պարտվում է, երբ հանդիպում է համարձակ և վստահ դիմադրության։ Ազատ աշխարհն ունի զինված, պատժամիջոցային, քաղաքական, տնտեսական, արժեքային բոլոր առավելությունները, որոնք թույլ են տալիս լիարժեք պաշտպանություն կառուցել ռուսական ցանկացած ոտնձգությունից և շանտաժից»,- ընդգծել է նա։
Խոսելով վերջին տարիներին ՆԱՏՕ-ի թույլ կողմերի մասին, Զելենսկին նշել է, որ դրանք երկուսն են։ «Նախ, կասկած կար՝ արդյոք հավաքական անվտանգության պայմանագրի 5-րդ հոդվածն իրապես կաշխատի, թե՝ ոչ։ Աշխարհը կասկածում էր՝ արդյոք Դաշինքը կպաշտպանի Արևելյան թևի երկրներին՝ նրանց դեմ ռուսական ագրեսիայի դեպքում։ Երկրորդ՝ աշխարհում շատերը ՆԱՏՕ-ն չեն ընկալել և չեն ընկալում որպես պաշտպանական դաշինք՝ քարոզչության արդյունքում նրան վերագրելով որոշակի, իբր ագրեսիվ նպատակներ։ Ուկրաինայի անդամակցությունը Դաշինքին հուսալիորեն վերացնում է այդ երկու թույլ կողմերը։ Նախ, ոչ ոք արդեն չի կասկածում, որ Ուկրաինան ի վիճակի է պաշտպանելու իրեն և իր դաշնակիցներին։ Երկրորդ՝ աշխարհում բոլորը տեսել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չի հրահրվել և հանցավոր է»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հզոր ազդանշան կլինի աշխարհին, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որը «պաշտպանում է և կպաշտպանի»: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ողջ արևելյան թևը ցանկանում է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան իրենց զինվորներին տեղակայեն Եվրոպայի արևելյան երկրներում՝ ՌԴ սահմանների մոտ:
Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հաղթանակից հետո «դաշնակիցները կցանկանան, որ մեր մարտական բրիգադները տեղակայվեն մեր հարևանների հողում, քանի որ Ուկրաինան ուժի երկիր է, և բոլորը դա տեսնում են»։ Այդպիսով, ըստ նրա, «ՆԱՏՕ-ն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը, իսկ մեր պաշտպանական և անվտանգության ուժերը կապահովեն անվտանգությունն ու պաշտպանությունը Դաշինքի մյուս անդամների համար»։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել