Վարագ Գևորգյան. «Փոքր դերերի մեծ վարպետը»
Շատ հաճախ, ֆիլմ կամ ներկայացում դիտելիս մեր հիշողության մեջ դաջվում է ոչ այնքան գլխավոր հերոսների խաղը, որքան երկրորդական կամ էպիզոդային դերակատարումները: Շատերը դա կհաստատեն: Բայց որպեսզի դա տեղի ունենա, երկրորդ պլանի դերասանը պետք է առանձնանա իր վառ, խարիզմատիկ, հիշվող կատարումով՝ շատ կարճ ժամանակով հայտնվելով էկրանին կամ բեմում: Դա է այն խայծը, որ գամում է հանդիսատեսի ուշադրությունը կատարվողի վրա ու պահում միջև գործողության ավարտը:
«Երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար մրցանակը հանձնվում է... »․ այս նախադասությունը կարելի է լսել բոլոր կինոփառատոնների և թատերական մրցանակաբաշխությունների ժամանակ: Եվ այդ մրցանակը ստանալու համար, շատ հաճախ բեմ են բարձրանում համաշխարհային կինոյի կամ թատերական աշխարհի աստղերը: Եղել են դեպքեր, երբ երկրորդ պլանի դերակատարման համար Օսկար են ստացել այնպիսի դերասաններ, ովքեր հիմնականում պարգևատրվել են գլխավոր դերերի համար՝ Բրեդ Փիթ, Խավիեր Բարդեմ, Ջորջ Կլունի, Պենելոպա Կրուզ, Անջելինա Ջոլի և այլք։
Շատ հայտնի դերասաններ, իրենց կարիերայի ընթացքում, այդպես էլ գլխավոր դեր չեն խաղացել: Նրանք պատմության մեջ մնացել են՝ որպես երկրորդ պլանի դերերի լավագույն կատարողներ, ինչպես օրինակ՝ տաղանդավոր դերասան Արմեն Խոստիկյանը: «Փոքր դերերի մեծ վարպետ» բնորոշումը հենց այս դերասանների համար է:
«Ավելի հեշտ է գլխավոր դեր տանես, քան՝ էպիզոդային,- բացատրում է Գյումրու դրամատիկական թատրոնի հանդիսատեսին իր փոքր, բայց վառ դերակատարումներով հայտնի Վարագ Գևորգյանը,- երկրորդ պլանի դերասանի համար շատ դժվար է հատկացված սեղմ ժամանակում այնպես ներկայանալ, որ ներկայացման ավարտին՝ խոնարհման ժամանակ, հանդիսատեսը քեզ նույն ուժգնությամբ ծափահարի, ինչ՝ գլխավոր դերակատարին: Հատկապես, երբ շատ դեպքերում անգամ տեքստ չես ունենում կամ մեկ-երկու նախադասությամբ պիտի «փայլես»: Ֆիլմի դեպքում մի փոքր այլ է, կարող ես դուր եկած հատվածը գտնել, մի քանի անգամ նայել: Բայց չես կարող վստահ լինել, թե հանդիսատեսը նույն ներկայացումը կգա մի քանի անգամ նայելու, այն էլ դուր եկած էպիզոդի համար: Այնպես որ քո շանսը հենց այդ պահին է, հենց այդ վայրկյանին, ուրիշը դու չունես քո խաղով հիշվելու համար»:
56-ամյա Վարագ Գևորգյանը դերասանական այն ընտանիքի ներկայացուցիչներից է, որոնք հանդիսատեսի կողմից սիրվում են հենց էպիզոդիկ կամ երկրորդ պլանի դերակատարումների համար: Ծնվել է 1967թ․-ի հունիսի 27-ին, Լենինականում, ինչպես ինքն է կատակով նշում՝ «Կայարան» թաղամասի երկրորդ ծննդատանը, այդ թաղամասում էլ մանկամսուր ու մանկապարտեզ է գնացել: Սովորել է Ախուրյանի Ս. Սպանդարյանի (ներկայում՝ Ա. Կաթունյանի) անվան թիվ 1 դպրոցում:
-Խորհրդային ժամանակաշրջանում մեծացող բոլոր երեխաներն երազում էին դառնալ դերասան կամ տիեզերագնաց: Երազու՞մ էիր դերասան դառնալու մասին...
-Չէ', գիտեի,- Վարագը ծիծաղում է,- չեմ երազել, ներսումս մի բան կար, որ երազանք չես կոչի, ես դա ավելի շուտ կանվանեի մղում: Հինգ տարեկան էի, հասակակից ընկեր ունեի, իրար հետ զինվոր-զինվոր էինք խաղում, ինչ-որ բաներ էինք բեմադրում հարևանների ու բակի երեխաների համար: Հետո արդեն պիտի թատերական խմբակների հաճախեի Լենինականում՝ երկրորդ դասարանից գնացել եմ: Էդիկ Դավթյան կար, ինքն էր մեր խմբակի ղեկավարը: Առաջին դերս «Փոքրիկ Իշխանը» ներկայացման մեջ աշխարհագրագետի դերն էր: Հետո «Շինարարների պալատում» դերասան Խաչիկ Ասատրյանի խմբի պարապմունքներին էի մասնակցում: Մեր դպրոցի տնօրենի՝ Կաթունյանի աղջիկն էլ թատերական խմբակ ուներ, էնտեղ էլ էի ընդգրկված: Էլ որտե՞ղ հասցնեի երազել, եթե իրականում անընդհատ խաղում էի:
Դպրոցն ավարտելուց հետո դիմում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, միայն թե հենց առաջին տարին կտրվում է քննություններից: Հանձնաժողովի կազմում էր դերասան Կիմ Արզումանյանը, ում դուր չէր եկել Վարագի չապլինյան նմանակումը: «Ձեռքը թափ տվեց, ասեց՝ գնա՛, քո՛նն արա: Բայց ոչ թե կոնկրետ ինքը դուրս թողեց, այլ գնահատականներիս ընդհանուր արդյունքն էր ցածր ստացվել: Մի խոսքով, դուրս մնացի, գնացի դարձա բեմի բանվոր Լենինականի տիկնիկային թատրոնում: Մեկ տարի աշխատել եմ տիկնիկայինում, էն ժամանակ ղեկավարը Սիրանույշ Ղուկասյանն էր: Էդ մեկ տարին շատ դրական եղավ ինձ համար՝ նախ նորից մի լավ պարապեցի քննական առարկաները, հետո՝ գործնականում լիքը բան սովորեցի թատրոնում: Բեմի բանվորի հաստիքով էի, բայց եղել է, որ ներկայացման մեջ էլ են ընդգրկել,-պատմում է Վարագը,- իմ աշխատած տարին Լենինականի տիկնիկային թատրոնը մի փառատոնի մասնակցեց, ինձ էլ «Արև»-ի դերն էին տվել: Հաջորդ տարի նորից դիմեցի բուհ՝ ընկա Խորեն Աբրահամյանի կուրսը»:
Երկրորդ կուրսից զորակոչվում է խորհրդային բանակ: Ծառայում է Վոլգոգրադում և Տյումենում: Դերասանական կարողությունները, ոչ կոնֆլիկտային բնավորությունն ու հումորը բանակում շատ են օգնում: Պատմում է, որ զորացրվելուց հետո ցանկանում էին պահել, առաջարկում էին թատերական խումբ ձևավորել, ներկայացումներ անել: «Զինվոր գնացի, զինվոր էլ զորացրվեցի, մաքուր ռադավոյ հետ եմ եկել, ինչպես ռուսն էր ասում՝ «чистий погон, чистий совесть»: Հետ եկա ու նստեցի Կիմ Արզումանյանի կուրսը,- Վարագը ծիծաղում է,- այո՛, կյանքն էդպիսի բան է, լինելու բանը պիտի լինի»: Ամուսնանում է երկրորդ կուրսում: Որոշել էր, որ կինը չպետք է դերասանուհի լինի, որ իրեն չխանգարի: Երկու զավակներից և ոչ մեկը հոր ուղին չեն ընտրել, տղան՝ Մարտինը, մասնագիտական ոլորտի առումով ունի որոշակի հարազատություն՝ հեռուստաօպերատոր է:
-Կա՞ մի դեր, որ երազել ես խաղալ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել:
-Երազած դե՞ր...ճիշտն ասած՝ չեմ հիշում, որ հատուկ ուզենամ այս կամ այն դերը խաղալ: Հասկանում եմ՝ ինչ ես ասում: Դերասաններ կան, որ երազում են Համլետ կամ Լիր խաղալ, երիտասարդ ժամանակ գոնե՝ Ռոմեո,- Վարագը ուսերն է թոթովում։- Ես հատուկ երազանք չեմ ունեցել: Ինչ դեր առաջարկել են, սիրով ընդունել եմ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե կարողանալու՞ եմ արդարացնել ռեժիսորի սպասումները, կարողանալու եմ կերպարը լիովին բացել: Բոլոր դերերիս էլ նույն պատասխանատվությամբ եմ վերաբերվել՝ կապ չունի, թե էդ դերով բեմում քանի րոպե եմ եղել:
-Իսկ նախընտրած պիե՞ս: Դժվարանում եմ պատկերացնել, որ դերասանը կերպարի կամ պիեսի նախընտրություն չունենա:
-Եթե Գյումրու դրամատիկ թատրոնի որևէ ռեժիսոր որոշի բեմադրել Էդուարդ Օլբիի «Պատմություն կենդանաբանական այգում» պիեսը, կուզենայի Ջերրի խաղալ: Ինստիտուտում խաղացել եմ, բայց կուզենայի հիմա նորից խաղալ, կարծում եմ մոտեցումն էլ այս տարիքում այլ կլինի: 90-ականներին Հովհաննես Հովհաննիսյանի հետ նախաձեռնեցինք, փորձեր արեցինք, բայց կիսատ մնաց՝ չամբողջացավ: Երևի թե, որպես ցանկություն, սա արձանագրեք:
Վարագը քչախոս է: Հանդիսատեսին հայտնի նրա դերերը ևս «շատախոսությամբ» չեն առանձնանում: Հարցին, թե այս տարիների ընթացքում որքան դեր է խաղացել, ընկնում է մտքերի մեջ, հետո նկատում, որ չի հաշվել. «Հիմա շատ դեպքերում խաղացածս ներկայացումների անուններն էլ կարող է չհիշեմ,- զրուցակիցս մեղավոր ժպտում է։- Ուսանողական 4 տարվա ընթացքում մոտ 70 ներկայացման մեջ եմ խաղացել: Երևանում եղած ժամանակ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում եմ աշխատել: 1991թ․-ին, ինստիտուտն ավարտելուց հետո եկել եմ Լենինական: Այդ ժամանակ դրամատիկի ղեկավարը Հակոբ Ղազանչյանն էր, ինձ ժամանակավոր՝ վեց ամսով, ընդունեց որպես դերասան: Նույն տարվա աշնանը Լևոն Թուխիկյանը Երևանից եկավ ու բեմադրություն արեց։ Ներկայացումը կոչվում էր «Կանաչ ստվեր»: Ես էլ խաղացի այդ ներկայացման մեջ, որ բեմ բարձրացավ 1992թ․-ին և շատ լավ ընդունելություն գտավ հանդիսատեսի մոտ»:
90-ականները բարդ տարիներ էին, հետերկրաշարժյան Լենինականում թերևս միակ լուսավոր կետը մնացել էր թատրոնը, որտեղ դերասաններն, իրենց մեջ ուժ գտնելով, շարունակում էին ստեղծագործել: Թատրոնի խաղացանկն այդ տարիներին հարուստ չէր, դերասանական կազմն էլ միշտ չէ, որ ուներ լիարժեք զբաղվածություն: Քաղաքում ստեղծվում էին այլընտրանքային թատերական խմբեր, դերասանների մի մասը փորձում էր պարապուրդը լրացնել՝ այդ խմբերում ընդգրկվելով:
«Այդ ժամանակ Գևորգը Խաչատրյանը «Տեսիլք» թատրոնն էր բացել, տեղափոխվեցի իր մոտ, էնտեղ էի խաղում: Հետո, երբ 1994-98թթ.-ին Դրամատիկը Ալբերտ Մկրտչյանն էր ղեկավարում, կրկին վերադարձա ու խաղացել եմ նրա «Հավատք» ներկայացման մեջ: Աշխատանքի առումով ընդմիջումներ էլ եմ ունեցել: Դա անխուսափելի էր, ժամանակներն էին այդպիսին»,- նկատում է զրուցակիցս:
Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկային «Շողոքորթը» ներկայացման մեջ Վարագ Գևորգյանը մարմնավորում է Հովսեփին՝ Սոֆիի հորը: Նրա խաղընկերուհին, երիտասարդ դերասանուհի Ադելինա Հարությունյանին խնդրում եմ նկարագրել Վարագ Գևորգյանին որպես մարդու և դերասանի:
«Ես կարող եմ վստահաբար, բոլոր երիտասարդ դերասանների անունից ասել, որ Վարագը մեր ամենասիրելին է: Նրա հետ հեշտ է, թե բեմում, թե առօրյա կյանքում: Անչափ ճշտապահ է: Դու նրան երբեք չես փնտրի, երբ պետք է, ինքը միշտ թատրոնում է, միշտ գալիս է 10 րոպե շուտ քո պայմանավորված ժամից: Սիրալիր է մարդկանց հետ, պատրաստակամ, երբեք չի տրտնջում, չի դժգոհում: Ես չեմ հիշում դեպք, որ դերի համար խնդրի՝ ինքը սպասող տեսակն է: Էն ամենափոքր դերն անգամ էնպես է խաղում, ասես գլխավոր դերն իրենը լինի,- ժպիտով պատմում է Ադելինան,- մենք իրար հետ «Մաուգլի» ներկայացման մեջ էլ ենք խաղում: Ինքն էդտեղ հայտնվում է երկրորդ մասի վերջում, որպես Շեկ շների առաջնորդ, ընդամենը մի երկու-երեք բառ է ասում, բայց մեզ հետ հավասար ներկա է եղել բոլոր փորձերին՝ սկսած «չիստկայից»՝ սեղանի շուրջ փորձերից, մինչև բեմ իջնելը: Ու իրեն նայելով՝ հասկանում ես, որ Վարագ Գևորգյան արտիստն ամբողջովին ապրում է թատրոնով: Առիթ լինի, «Բուրատինոյի արկածները» ներկայացումը նայեք, Վարագն էնտեղ Դյուրեմարին է կերպավորում: Էլի փոքր դեր է, բայց Վարագի խաղը տեսնել է պետք»:
«Մաուգլի»-ում իր էպիզոդային դերի և օրեր շարունակ մինչև կեսգիշեր ձգվող փորձերին մասնակցելու պատմությունը Վարագը լսում է ժպիտով: «Էպիզոդային դերի բարդությունը հենց դրանում է, որ կարողանաս ճիշտ կոնցենտրացիայի հասնել, պիտի ողջ պիեսն ավելի լավ իմանաս, քան նույնիսկ գլխավոր դերակատարը,- բացատրում է Վարագը,- էդ ամբողջի մեջ պիտի կողքից եփվես, մարսես, որ քո մի քանի րոպեի հայտնությունը բեմում նկատվի: Սա է գաղտնիքը»: Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, լսելով հարցս, ձեռքերն է տարածում. «Մեր բոլորի սիրելին է Վարագ Գևորգյանը»:
-Որքան որ ես գիտեմ արվեստի աշխարհն, այդպես քիչ է լինում՝ բոլորին սիրելի...
-Այո՛, ու սա էդ քիչ դեպքերից է,- նկատում է Լյուդվիգ Հարությունյանը,- ես 15 տարի է՝ ճանաչում եմ Վարագ Գևորգյանին, ինքը բացառիկ դերասաններից է, որ չի խոսում՝ գործում է: Նրա հետ կապված, ինձ իրավունք կվերապահեմ ասել, որ մեր թատրոնում, ինձնից առաջ, իմ օրոք, և վստահ եմ, ինձնից հետո էլ չկա ու չի լինի մեկը, որ չսիրի, չհարգի Վարագ Գևորգյանին՝ բեմի մեխանիկից սկսած կարի արհեստանոցի աշխատակցով վերջացրած: Սա նախ և առաջ պայմանավորված է նրա մարդ տեսակով, բոլորի նկատմամբ ունեցած ջերմ ու հարգալից վերաբերմունքով:
-Իսկ որպես ռեժիսոր ի՞նչ կասես, եթե չեմ սխալվում մի քանի ներկայացումներում իրար հետ աշխատել եք:
-Շատ չի տարբերվելու, որպես տնօրեն իմ ասածից,- Լյուդվիգը ծիծաղում է,-գուցե էս դեպքում ավելի շատ գովեստի խոսքեր լսեք: Պիտի առանձնացնեմ «Առնետներ» ներկայացումը, որ արել ենք 2013թ․-ին: Վարագն ի սկզբանե զբաղված չէր ներկայացման մեջ, բայց երբ սկսել էինք փորձեր անել բեմում, գալիս դահլիճից նայում էր: Մի օր մոտեցավ ինձ ու ասաց, որ Նյու Յորքի մետրոն չի կարող առանց բոմժի լինել, մթնոլորտը մի տեսակ ամբողջական չէ: Ես շնորհակալություն հայտնեցի այդ հրաշալի մտքի համար ու որոշեցի, որ հենց ինքն էլ կխաղա ներմուծված այդ կերպարը: Վարագն «Առնետներ»-ում տեքստ չուներ: Հասկանու՞մ եք, ինչ է նշանակում 1 ժամ 25 րոպե լինես բեմին ու ոչ մի բառ չարտասանես, պարզապես լսես, խաղաս այնպես, որ հանդիսատեսի ուշադրությունը գամես վրադ: Ու այդ ամենում ես չնչին լումա եմ ունեցել, ամբողջն ինքն է արել՝ ինքն իրեն խնդիր էր տվել, ինքն իրեն լուծումներ գտել...ես Վարագին անվանում եմ «Փոքր դերերի մեծ դերասան»: Ու կարող եմ վստահաբար ասել, որ Վարագը մեր երիտասարդ դերասանների համար էտալոն է:
-Մի տեսակ շատ անթերի է ստացվում Վարագի կերպարը,- նկատում եմ ես:
-Չէ, ինչի, թերություն էլ ունի, էն էլ շատ մեծ,- Լյուդվիգը դադար է վերցնում։-Լինելով այդքան պրոֆեսիանալ, այդքան շնորհալի՝ չափազանց համեստ է: Որպես բնավորության բացասական գիծ կնշեմ իր համեստությունը: Երջանիկ է այն թատրոնը, որ Վարագ Գևորգյանի նման արտիստ ունի:
Վարագ Գևորգյանն առիթ է ունեցել նաև ֆիլմերում նկարահանվելու՝ «Դաշնամուրը», «Սիմոնի ճամփան», «Դանիել Վարուժան»: Հանդիսատեսը լավ է հիշում նրա՝ «Լիր Արքա», «Տարբեր նվագներ», «Փրկության կղզին», «Բուրատինոյի արկածները», «Շողոքորթը», «Փանոսի արկածները», «Երեք կաթիլ բարություն», «Տունը սահմանին» և այլ ներկայացումներում կերտած փոքր, սակայն տպավորիչ դերերը: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ չի պատկերացնում Գյումրու դրամատիկ թատրոնն առանց Վարագ Գևորգյանի և հակառակը: Այդ կապվածության դրսևորումներից մեկն էլ երևի թատրոնում, բեմական փորձերից մեկի ժամանակ դերասանի մոտ արձանագրված սրտի տագնապն ու հոսպիտալացումն է եղել:
«Մեր Վարագի սիրտը ստենտավորած է: Անցած դեկտեմբերին, որ մանկական ներկայացում էի անում՝ «Ջերին և իր ընկերները», որոշել էի, որ ավազակներից մեկի դերը պիտի Վարագը տանի: Երբ սկսեցինք բուն փորձերը հասկացա, որ շատ դժվար է լինելու իր համար էդքան վազվզել բեմում, տանիք բարձրանալ, էնտեղից գլորվել, ի վերջո առողջականն էն չէ: Երկու տարբերակ կար՝ կամ պիտի չխաղար, կամ պիտի ակտիվ գործողությունները բացառեինք: Ինքը անմիջապես եկավ ինձ մոտ ու հայտարարեց, որ խաղալու է, և ոչինչ պետք չէ կրճատել: Ասի՝ ախր կարող է ինքնազգացողությունդ վատանա, պատասխանեց՝ եթե չխաղամ, էդ ժամանակ կվատանամ,- հիշում է Լյուդվիգ Հարությունյանը,- ու ինքը պատվով հաղթահարեց. օրը երեք ներկայացում ունեինք, Վարագ Գևորգյանը, 18 տարեկանի առույգությամբ, բեմում էր»:
Անձամբ Վարագ Գևորգյանը փիլիսոփայորեն է մոտենում իր դերերին: «Ծննդի ու մահի արանքում մենք ապրում ենք, և հետաքրքրությունն էլ հենց այդտեղ է թաքնված: Դու ունես սահմանափակ ժամանակ, որ կարողանաս հասկանալ, թե որտեղից ես գալիս և ուր ես գնում: Նույն սկզբունքով էլ ես մոտենում եմ իմ յուրաքանչյուր դերին՝ փոքր, թե մեծ, էական չէ»:
Գլխավոր լուսանկարը՝ Էդուարդ Հովհաննիսյանի
Հոդվածում օգտագործվել են լուսանկարներ Գյումրու դրամատիկական թատրոնի արխիվից
Մեկնաբանել