
Նախկին տնօրենն ու նախարարությունը կհանդիպեն դատարանում
Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան' ընդդեմ կրթության եւ գիտության նախարարության:
Նախարարությանը հայցադիմումն ուղարկվել է երեկ երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտված է եղել: ԿԳՆ իրավաբանական վարչության աշխատակից Լիլիթ Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր է ծանոթացել նախկին տնօրենի պահանջներին:
Սուսաննա Նազարյանը պահանջում է, որ դատարանն անվավեր ճանաչի կրթության պետական տեսչության 09.03.11թ. 01 ակտը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 30.04.11թ. 124-Ա1 հրամանը, որով էլ աշխատանքից ազատվել էր, ինչպես նաեւ պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքին:
Հիշեցնենք, որ «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Սուսաննա Նազարյանի պահվածքին, ավագ դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին եւ այլն: Հրապարակումներից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել տնօրենին եւ հանձնարարել էր կրթության պետական տեսչությանը ստուգումներ սկսել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում:
Տեսուչները բազմաթիվ խախտումներ էին գտել դպրոցում, ինչի հետևանքով նախարարը Սուսաննա Նազարյանին ազատել էր աշխատանքից:
«Ես պետք է ուսումնասիրեմ ժամկետները, արդյոք դատարան դիմելու համար դրանք պահպանված են, թե ոչ: Հավանաբար հայցադիմումին պատասխան կներկայացնենք դատարանի որոշումը ստանալուց հետո, քանի որ վարչական դատարանը դեռ որոշում չի կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին»,-ավելացրեց Լիլիթ Վարդանյանը:
Սուսաննա Նազարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Մեկնաբանել