HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մատաղիսի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց որպես վկա հրավիրել Արայիկ Հարությունյանին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հունիսի 30-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։

Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը նշեց՝ մեղադրական կողմը պետք է հստակ ներկայացնի, թե որ ապացույցները դատարանը հետազոտի:

Դատարանը հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանին խնդրեց ներկայացնել ապացույցները, որպեսզի պաշտպանական կողմը հետագայում դրան վերաբերելի կամ հերքող այլ ապացույցներ ներկայացնի։

Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանն այժմ կալանավորված է։

Հանրային մեղադրողը հայտնեց՝ Սևակ Աբրահամյանին մեղսագրվել է մեկ դրվագ՝ նախկին Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Մեղադրական եզրակացության հավելվածներում դատարանի հետազոտման համար ներկայացվող մեղադրանքի ապացույցների ցանկում նշված են ինչպես մեղադրյալի, այնպես էլ վկաների տվյալները, ինչպես նաև այն ապացույցները, որոնք պետք է դրվեն Աբրահամյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հիմքում։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խնդրեց հանրային մեղադրողին հատ առ հատ ներկայացել՝ որ ապացույցներն է ցանկանում, որ դատարանում հետազոտվեն, որ պաշտպանական կողմը կարողանա դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել։

Դատախազը նախ նշեց, որ բոլոր ապացույցները, որոնք նշված են, վերաբերելի են մեկ դրվագ հանցագործության մեղսագրված հանցավոր արարքին։

«Մեղադրյալ Սևակ Աբրահամայանի ցուցմունքները հաստատում են վերջինիս կողմից Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված մարտական հերթապահության կամ մարտական ծառայությունը կրելու պայմանները խախտելու հանցակազմը»,- հայտնեց դատախազը։

Պաշտպանը հետաքրքրվեց՝ ո՞ր ցուցմունքները նկատի ունի՝ վկայի կարգավիճակում տրվա՞ծ։

«Սրանք վկայի կարգավիճակում տված ցուցմունքներ են, բայց քանի որ կասկածի շուրջ է հարցաքննվել, հիմք է ընդունվել նախադեպային որոշում։

Սասուն Ստեփանյանի ցուցմունքով հիմնավորվում է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելը, խախտելու հանցակազմը և ծանր հետևանքների առաջացումը»,- ասաց դատախազը։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը շարունակեց թվել մի շարք անուններ, որոնց ցուցմունքներն, ըստ նրա, ապացույցներ են։ Այդ մարդկանց թվում են Արցախի պաշտպանության նախկին նախարարը, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԱՀ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ դատախազի՝ ապացույցներ են նաև առերես հարցաքննությունների արձանագրությունները, զննության արձանագրությունը, և գաղտնի փաստաթղթղերի ուսումնասիրության արձանագրությունները։

«Զարմանալի և տարօրինակ չէ, որ մեղադրողը չնշեց՝ որ ապացույցը որ փաստական հանգամանքն է հաստատում։ Մեղադրողը դա չի կարող ասել, որովհետև այդ ցուցմունքով որևէ փաստական հանգամանք, ինչը մեղադրանքում նշված է, չի հաստատվում։ Վերացական մեղադրական եզրակացություն է կազմվել, վերացական էլ դատարանում հայտարարվեց»,- ասաց Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը։

Ըստ պաշտպանի՝ կարևոր է նշել՝ որ փաստական հանգամանքն է հաստատում, քանի որ երբ Աբրահամյանի կալանքի ժամկետը լրանա, երկարացնելու հարցը բարձրացվելու է նորից. «Մեղադրողն ու դատարանը նշել են, որ Սևակ Աբրահամյանը դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն կգործադրի, ապացուցման գործընթացին կմիջամտի։ Հիմա եթե դատախազը չի հիմնավորում, թե որ ցուցմունքով որ փաստական հանգամանքն է հաստատվում, հետագայում կալանքի երկարաձգման հարց քննելուց ինչպե՞ս է որոշելու, որ այդ փաստական հանգամանքը մեղադրանքի համար նշանակություն ունի»։

Բացի այդ, պաշտպանական կողմը հետաքրքրվեց՝ արտավարույթային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը քրեական գործին կցվա՞ծ են, որտե՞ղ են այդ փաստաթղթերը։ Թամրազյանի խոսքով՝ պետք է նաև ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը։

«Հիմա մենք գործը քննում ենք, բայց դատարանը նորմատիվ ակտերը չունի։ Գաղտնի փաստատթղթերը մինչ օրս օրենքի խախտմամբ դատարան չեն ուղարկվել»,- հայտնեց նա։

Դիտարկմանն ի պատասխան՝ դատախազը նշեց, որ գաղտնի փաստաթղթղերը հանձնվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։

«Նկատի ունենալով, որ նշված փաստաթղթերը գաղտնի են և փոստային առաքման կամ դատարանում պահպանելու հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, դրանք պահվում են ՔԿ վարչությունում, դրանց հետազոտության ժամանակահատվածում կպահանջվեն և դատարանում կհետազոտվեն»,- հայտնեց Վարդանյանը։

Պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել Մարինե Ծատրյանին, ով հանդիսացել է ՊԲ գաղտնի գործավարության պետը։ Աբրահամյանի պաշտպանը նշեց՝ Ծատրյանը պետք է հարցաքննվի զինծառայողների կողմից արձակուրդից վերադառնալու կարգի մասին, քանի որ սեպտեմբերի 23-ին մեղադրյալը արձակուրդում է եղել, իսկ, ըստ գործի նյութերի, վերջինս արդեն վերադարձել էր։

Թամրազյանը միջնորդեց նաև դատարան հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ վկայի կարգավիճակով հարցաքննելու նպատակով։ Ըստ Թամրազյանի՝ պետք է ճշտել հակառակորդի հավանական հարձակման վերաբերյալ որպես նախագահ ի՞նչ տեղեկություններ է ունեցել նա, ո՞ւմից և ե՞րբ է ստացել, ո՞ւմ հետ է քննարկել իրավիճակը։

Պաշտպանը միջնորդեց նաև որպես վկա հարցաքննել ԱՀ ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին, բացի այդ ուսումնասիրել նաև Աժ պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցուպատասխանը։

Արման Թամրազյանը միջնորդեց նաև որպես ապացույց ձեռք բերել 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի մարտական հրամանը կամ մարտական որոշումը և մարտական քարտեզը։

«Այդ քարտեզի, մարտական հրամանի, որոշման մեջ է նշված՝ եթե հակառակորդը հարձակվի, որ ուղղությամբ է հարձակվելու, ինչ ուժերով և միջոցներով, և Սևակ Աբրահամյանը ինչ գործողություններ պետք է անի այդ դեպքում։ Սևակ Աբրահամյանին մեղադրում են, ասում են՝ հակառակորդը հարձակվել է, Թալիշն ու Մատաղիսը տվել ես հակառակորդին, քո պատճառով են գրավել։ Հիմա կարող ա էս մարտական հրամանի մեջ իրեն մարտական խնդիր է տրված, որ եթե հակառակորդը հարձակվի, դու Թալիշն ու Մատաղիսը կթողնես, կնահանջես։ Ո՞նց եք հիմնավորել, որ տենց չի իր մարտական խնդիրը։ Գործը քննել են, ամենակարևոր փաստաթուղթը ձեռք չեն բերել»,- նշեց պաշտպանը։

Թամրազյանի խոսքով՝ քննիչը նշել է, որ մարտական որոշման պատճենը զննել է, բայց թե ինչ է գրված որոշման մեջ, զննության արձանագրության մեջ չկա։

Պաշտպանը միջնորդեց ձեռք բերել նաև այդ մարտական որոշումը։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter