HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նանսենի այգում զուգարան էին սարքում, դարձավ սրճարան, ի՞նչ կդառնա այժմ կառուցվող Նանսենի թանգարանը (վիդեո)

Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչները դեմ չեն, որ կառուցվի Նանսենի թանգարանը, սակայն նրանք բողոքում են, որ ոչ ոք իրենց կարծիքը չի հարցրել իրենց տարածքի միակ կանաչապատ վայրի` Նանսենի այգու կենտրոնում նման շինություն կառուցելու համար, այնինչ ուղղակի պարտավոր էին: Հանրային լսումներ չեն եղել, որոնց կարիքն այս դեպքում իրոք անհրաժեշտ էր: Բնակիչները այդ լսումներին կարող էին մասնակցել և ներկայացնել իրենց առաջարկները: Այգու այդ հատվածի դիմացի մայթում աղբանոց հիշեցնող լքված մի ընդարձակ տարածք կա` շենքի ամբողջ առաջին հարկը զբաղեցնող, որը բարեկարգելուց հետո կարող էր թանգարանի համար օպտիմալ վայր լինել:

Ի դեպ, հենց այդ լքված տարածքի և այգու հարևանությամբ է գտնվում թանգարանի կառուցումը հովանավորող Եսայանների ընտանիքին պատկանող ատամնաբուժարանը: Բնակիչների մտահոգությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ թանգարանի կառուցման հովանավորները հինգհարկանու առաջին հարկում գտնվող իրենց ատամնաբուժարանը «առաջ են տվել» մայթի հաշվին: Նրանք մտավախություն ունեն, որ այդպիսի մի բան էլ կարող է կատարվել թանգարանի դեպքում:

Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչներն այլևս թերահավատորեն են վերաբերվում Նանսենի այգում կառուցվող ցանկացած շինության. այգու տարածքում նախատեսվել էր հասարակական զուգարան կառուցել, կառուցվեց ու հետագայում փոխակերպվեց «Հարի Փոթեր» սրճարանի: Նմանօրինակ կերպարանափոխությամբ է կառուցվել նաև «Երիցյաններ» սուպերմարկետը: Իսկ հասարակական զուգարան այգում այդպես էլ չի կառուցվել:

Ինչո՞ւ պետք է հանրային վայրում կառուցվող մի շինության համար հանրային լսումներ անցկացվեն, իսկ մեկ այլ շինության համար` ոչ: Այս հարցի պատասխանը Երևանի քաղաքապետարանի տրամաբանությամբ պարզից էլ պարզ է` երկրորդի դեպքում դրա կարիքը չկա, քանի որ առաջինի համար արդեն անցկացվել են:

Առաջինը Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի մոտ տեղադրված Նանսենի արձանն է, իսկ երկրորդը Նանսենի այգում կառուցվող նրա անվան թանգարանը:

Հիշեցնենք, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում քաղաքապետարանի թույլտվությամբ սկսել է հայ ազգի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանի խոսքերով՝ նման շինության համար հանրային լսումների կարիք չկա, ամեն ինչ որոշել են մասնագետները, ովքեր, միգուցե համոզված են, թե նորնորքցիները միայն ուրախ կլինեին, որ իրենց զբոսավայրում կանաչ գոտու հաշվին կառուցվեր մի թանգարան, որն, ի դեպ, մեկ այլ վայրում արդեն գոյություն ունի (Բուզանդի 1/3 հասցեում է գտնվում Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը, որտեղ գործում է նաև թանգարանը):

Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչները սեփական նախաձեռնությամբ և «Մենք են մենք քաղաքի տեր» քաղաքացիական նախաձեռնության օգնությամբ այգում թանգարանի կառուցմանը դեմ ստորագրահավաք են կազմակերպում, որպեսզի ներկայացնեն քաղաքապետարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter