HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պրիգոժինի ապստամբությունը ցույց տվեց Ռուսաստանի վրա Պուտինի պատերազմի կործանարար ազդեցությունը. ԱՄՆ ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը ցույց է տվել, թե ինչ բացասական ազդեցություն ունի ռուսական հասարակության վրա Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը։ Այդ մասին, ինչպես գրում է Reuters գործակալությունը, Բերնսը հայտարարել է՝ Անգլիայի Օքսֆորդշիր քաղաքում տեղակայված Դիթչլի հիմնադրամում իր դասախոսության ժամանակ։

Բերնսը «ապշեցուցիչ» է անվանել այն հանգամանքը, որ Պրիգոժինը ապստամբությունից առաջ Կրեմլին քննադատել է նրա համար, որ ռուսական ղեկավարությունն Ուկրաինա ներխուժումն սկսել է կեղծ պատրվակով, ինչպես նաև քննադատել պատերազմի ժամանակ ռազմական հրամանատարության գործողությունները։

«Այդ խոսքերի և գործողությունների ազդեցությունը դեռ որոշ ժամանակ կդրսևորվի որպես վառ հիշեցում պուտինյան պատերազմի կործանարար ազդեցության մասին՝ սեփական հասարակության և սեփական վարչակարգի վրա»,- հայտարարել է Բերնսը։  

ԿՀՎ ղեկավարը Պրիգոժինի ապստամբությունն անվանել է «ռուսական պետությանը զինված մարտահրավեր», սակայն նշել, որ դա «Ռուսաստանի ներքին գործն է, որտեղ ԱՄՆ-ն չի ունեցել և չի ունենա որևէ մասնակցություն»։

Իր ելույթի ժամանակ Բերնսը նաև նշել է, որ ռուսական հասարակության մեջ պատերազմից դժգոհությունը ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցներին հնարավորություն է տվել լրտեսներ հավաքագրել ՌԴ-ում: «Այդ դժգոհությունը մեր՝ ԿՀՎ աշխատակիցների համար, ստեղծում է հնարավորություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով գործակալների հավաքագրման մասին հարցը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայիս ղեկավար Ուիլյամ Բերնսը 2005-2008 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Լուսանկարը՝ Bill Clark / CQ Roll Call via AP file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter