
Twitter-ը օգտատերերի համար կսահմանափակի գրառումների քանակը, որոնք հնարավոր կլինի դիտել մեկ օրվա ընթացքում
Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է գրառումների քանակը, որոնք օգտատերերը կարող են կարդալ մեկ օրվա ընթացքում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
To address extreme levels of data scraping & system manipulation, we’ve applied the following temporary limits:
— Elon Musk (@elonmusk) July 1, 2023
- Verified accounts are limited to reading 6000 posts/day
- Unverified accounts to 600 posts/day
- New unverified accounts to 300/day
Մասկի խոսքով՝ վավերականացված օգտահաշիվների տերերը («կապույտ թռչնակի» տարբերանշանով օգտատերերը, որի կարգավիճակի ստացումն ամսական արժի 8 ԱՄՆ դոլար-խմբ.) օրական կկարողանան կարդալ մինչև 6000 գրառում, չվավերականացված օգտահաշիվներով օգտատերերը՝ մինչև 600 գրառում։ Նոր օգտատերերն էլ կկարողանան օրական կարդալ մինչև 300 գրառում։
Ավելի ուշ սոցիալական ցանցի սեփականատերը հայտարարեց տեսանելի գրառումների թվի գրեթե կրկնակի ավելացման մասին։ Հիմա վավերականացված օգտահաշիվների համար այն կազմում է 10 000 գրառում, չվավերականացվածների համար՝ 1000, իսկ նոր օգտատերերի համար՝ 500 գրառում։
Իլոն Մասկն այդ որոշումը բացատրել է տվյալների հավաքման «արտակարգ մակարդակի» և համակարգային մանիպուլյացիայի դեմ պայքարով։
BBC News-ը ենթադրում է, որ այդ կերպ Մասկը ցանկանում է օգտատերերին մղել օգտագործելու վճարովի բաժանորդագրության համակարգը և ստանալ «կապույտ թռչնակ»։ Լրագրողների կարծիքով՝ ապագայում Twitter-ը կարող է ներդնել մոդել, որը հասանելիություն կտա անսահմանափակ թվով գրառումների՝ միայն վճարովի համակարգից օգտվող օգտատերերին։
Հուլիսի 1-ին Մասկը հայտարարեց, որ Twitter-ը կդադարի ցույց տալ հրապարակումները չգրանցված օգտատերերին։ Գործարարը դա անվանել էր «ժամանակավոր արտակարգ միջոց» և բացատրել արհեստական բանականության դեմ պայքարով։ Նա նշել է, որ գրեթե յուրաքանչյուր կազմակերպություն, այդ թվում՝ արհեստական բանականությամբ զբաղվող ստարտափերը և խոշոր կորպորացիաները, «Twitter-ում տեղեկատվության մեծ ծավալներ են հավաքել»։
Լուսանկարը՝ Jakub Porzycki/NurPhoto via Getty Images
Մեկնաբանել