HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիդերլանդների թագավորը ներողություն է խնդրել ստրկության մեջ իր երկրի դերակատարման համար

Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը հոլանդական գաղութներում ստրկության արգելման 150-րդ տարելիցի պատվին Ամստերդամում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ պաշտոնապես ներողություն է խնդրել ստրկության և ստրկավաճառության մեջ իր երկրի ներգրավվածության համար։

Deutsche Welle-ն գրում է, որ 56-ամյա միապետն ընդգծել է, որ այդ թեման «մոտ է իրեն և դիպչում է մինչև հոգու խորքը»։ «Անազատության բոլոր ձևերից ստրկությունը, անկասկած, համարվում է ամենավիրավորականը, ամենաստորացուցիչը»,- հավելել է Վիլեմ-Ալեքսանդրը։ Ինչպես փոխանցում է NOS-ը, նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր նախնիներն այդ համակարգին դեմ չեն գնացել։

Դեռ 2022 թվականի դեկտեմբերին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Թագավորության կառավարության ողջ անունից, պաշտոնապես ներողություն էր խնդրել ստրկավաճառության գործում Նիդերլանդների Թագավորության ներգրավվածության համար։ Ստրկությունը, որը նախկինում եղել է հոլանդական գաղութներում, նա անվանել էր «մարդկության դեմ հանցագործություն»։ Իր սուրբծննդյան ուղերձում, Նիդերլանդների թագավորը ողջունել էր վարչապետի այդ ելույթը։ 

16-րդ և 17-րդ դարերում հոլանդացի ստրկավաճառները Աֆրիկայից Հարավային Ամերիկա և Կարիբյան ծովի ավազան են տեղափոխել շուրջ 600 000 մարդու։ 17-րդ դարում Նիդերլանդներն աշխարհի ամենախոշոր գաղութատիրություններից մեկն էր։ dpa-ը գրում է, որ վերջին շրջանում հոլանդական հասարակությունում աճում է գիտակցությունն այն մասին, որ Նիդերլանդների քաղաքների ու թանգարանների հարստությունը պայմանավորված է նաև գաղութատիրական անցյալով։ 

Նախկին գաղութատիրական մյուս երկրները, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Բելգիան, չնայած դատապարտել են ստրկության քաղաքականությունը, սակայն պաշտոնապես ներողություն չեն խնդրել ոչ դրա, ոչ էլ գաղութացման քաղաքականության համար։

Լուսանկարը՝ Peter Dejong/Pool via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter