
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին արգելվել է մինչև 2030 թվականը մասնակցել ընտրություններին
Բրազիլիայի դաշնային ընտրական դատարանը արգելել է երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին մինչև 2030 թվականը առաջադրվել ընտրություններում և զբաղեցնել պետական պաշտոններ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հինգ դատավոր կողմ է քվեարկել, ևս երկուսը՝ դեմ, փոխանցում է պարբերականը։
Համաձայն այդ որոշման՝ Բոլսոնարուն չի կարողանա առաջադրվել 2024 և 2028 թվականների մունիցիպալ ընտրություններին, ինչպես նաև 2026 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Ընդ որում, 2030 թվականի նախագահական ընտրություններին նա կկարողանա մասնակցել։
Բոլսոնարուն հերքում է մեղադրանքը։ Նա նաև հայտարարել է, որ մտադիր է Բրազիլիայի գերագույն դատարանում բողոքարկել այդ որոշումը։
Բրազիլիայում նախագահական ընտրությունները կայացել էին 2022 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ ձայների 50,8 %-ով հաղթել էր Բոլսոնարուի մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։
2023 թվականի հունվարի 8-ին, նոր նախագահի երդմնակալության արարողությունից մեկ շաբաթ անց Ժաիր Բոլսոնարուի աջակիցները ներխուժել էին Բրազիլիայի խորհրդարան, Գերագույն դատարան և նախագահական նստավայր։ Ցույցերի հետևանքով ձերբակալվել էր մոտ 400 մարդ։
Բոլսոնարուին դատարանը ներառել էր հարձակումների գործով մեղադրյալների ցանկում։ Դատախազությունում կարծում էին, որ նա դրդել է հանրությանը գնալ այդ գործողություններին։
Նրա հետապնդման համար առիթ էր դարձել մի տեսանյութ, որտեղ նախկին նախագահը կասկածի տակ էր դնում քվեարկության արդյունքները։
Լուսանկարը՝ Bloomberg գործակալության
Մեկնաբանել