
Ջո Բայդենը հուլիսի 9-13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա։ Այդ մասին կիրակի օրը՝ հուլիսի 2-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«Սկզբում նախագահ Բայդենը կմեկնի Լոնդոն (Մեծ Բրիտանիա)՝ Չարլզ III թագավորի և վարչապետ Ռիշի Սունաքի հետ հանդիպումների համար, որոնք ուղղված կլինեն մեր երկրների միջև սերտ հարաբերությունների ամրապնդմանը։ Այնուհետև հուլիսի 11-12-ը նախագահը կայցելի Վիլնյուս (Լիտվա)՝ ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Լիտվայից էլ Բայդենը հուլիսի 13-ին կմեկնի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որտեղ կմասնակցի «ԱՄՆ-Հյուսիսային Եվրոպա» գագաթնաժողովին։
Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը ևս հայտարարություն է տարածել Հելսինկի Ջո Բայդենի և Հյուսիսային Եվրոպայի առաջնորդների ժամանման մասին։ ««ԱՄՆ-Հյուսիսային Եվրոպա» գագաթնաժողովին կմասնակցեն նախագահ Նինիստյոն և նախագահ Բայդենը, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը։ Քննարկումները նվիրված կլինեն Հյուսիսային Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առավել սերտ համագործակցությանը՝ անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա այս ձևաչափով կլինի արդեն երրորդ հանդիպումը։ Նախորդ գագաթնաժողովները կայացել էին 2013 թվականին Ստոկհոլմում և 2016 թվականին՝ Վաշինգտոնում։
Լուսանկարը՝ Al Drago/Bloomberg
Մեկնաբանել