HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի փոխարեն ընդունել համալիր ծրագիր

Կառավարությունն առաջարկում է երեխայի իրավունքների պաշտպանության մասին յուրաքանչյուր տարի կարճաժամկետ միջոցառումների փոխարեն սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք կանդրադառնան երեխայի բոլոր իրավունքների իրացմանը և պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը: Օրենքի նախագիծն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դրական եզրակացություն ստացավ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հայտնեց, որ ներկայում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ամբողջ ընտանեկան օրենսգիրքը, սույն օրենքը և դրանցից բխող օրենսդրական շուրջ 10 օրենքի փաթեթ և ենթաօրենսդրական ակտեր փոփոխելու նպատակով։

«Մի շարք իրավական ակտերում անհարկի կրկնություններ, անհարկի վարչարարությունից խուսափելու համար առաջարկում ենք ավելի համալիր մոտեցում ցուցաբերել, և խնդիրներն ավելի առարկայական լուծելու ամբողջական միտում ունենալու նպատակով առաջարկում ենք հաստատել հոդվածը տվյալ օրենքում։

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգերը սահմանվում են երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով։ Համալիր ծրագիրը հաստատում է Կառավարությունը»,- նշեց  Տաթևիկ Ստեփանյանը։

Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ նախագիծը խնդրահարույց է. «Լիազորելով Կառավարությանը անորոշ ժամանակով հասատատել երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը՝ հրաժարվում ենք ձևավորված այն մոտեցումից, որ յուրաքանչյուր տարի նորովի ուսումնասիրելով ոլորտի առկա խնդիրները, նոր մարտահրավերները, ըստ այդմ, հաստատվում է ծրագիրը»,- ասաց նա։

Թովմասյանն օրինակ բերեց 44-օրյա պատերազմը, որից հետո նոր մարտահրավերներ կան հենց երեխաների իրավունքների պաշտպանության մասով։

«Ստացվում է, որ ամեն տարի նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու խնդիր ունենք։ Նախագծում այդ անորոշությունը կա»,- ասաց նա։

Բացի այդ, հանձնաժողովի նախագահը նշեց, որ կատարված աշխատանքը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։

«Եթե վերլուծենք տարեկան ծրագրերը, դրանք հիմնականում բովանդակում են բյուջետային միջոցառումները, այսինքն՝ էնտեղ որևէ համալիր մոտեցում, թե ուր ենք գնում, և երեխաների պաշտպանության համակարգն ինչպիսին պետք է լինի այն երկրում, որը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին կոնվեցիան և մնացած բոլոր միջազգային փաստաթղթերը, էս տրամաբանությամբ ենք առաջարկում ընդունել համալիր ծրագիր։

Տարեկան ծրագրերով զուտ բյուջետային միջոցառումներից ելնելով՝ հաճախ չենք կարողանում ապահովել ամբողջ տեսլականը՝ դեպի ուր գնում ենք։

Եթե դաշտը վերլուծենք, ունենք, օրինակ՝ բազմաչափ աղքատության և երեխայի լիարժեք զարգացման համար նպաստավոր պայմանների առկայության բացակայություն։ Ունենք բռնություն և շահագործում ընտանիքում, և ցավոք, գնում ենք արձանագրելու որևէ դեպք, որն արդեն կատարված է։ Ամբողջ նախագիծը երեխայի պաշտպանական վաղ կանխարգելման համակարգին է վերաբերում»,- պատասխանեց ԱՍՀ փոխնախարարը՝ նշելով, որ համալիր բոլոր ծրագրերն ունենում են պարտադիր վերանայման պահանջ։

Անդրադառնալով Ազգային ժողովին հաշվետու լինելուն՝ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ երեխաներին վերաբերելի ամբողջ օրենդրությունը և իրավակիրառ պրակտիկայում եկած խնդիրները քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովում։

Նախագիծը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter