HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առցանց ընդլայնված որոնման մեթոդներ

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը (անգլ.՝ Global Investigative Journalism Network, GIJN) 2021 թվականին առցանց հետաքննության առաջատար միջազգային փորձագետ Փոլ Մայերսի հետ երկու վեբինար է անցկացրել: Մայերսը, որն աշխատում է BBC-ում և GIJN-ի կոնֆերանսների հանրածանոթ բանախոս է, ներկայացրել է մարդկանց մասին տեղեկություններ հայթայթելու լավագույն առցանց գործիքների և ռազմավարությունների վերաբերյալ իր խորհուրդները: Ստորև՝ նրա խորհուրդները:

Ծանոթագրություն. ապրանքների և ծառայությունների անվանումների նշումը չի հանդիսանում դրանց երաշխավորում. նշվածներից զատ, հասանելի են համանման այլ ապրանքներ և ծառայություններ:

Մարդկանց որոնում

Ինչպես Google-ում ավելի արդյունավետ որոնել. հիմունքներ

Որոնման ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար արտահայտությունները երկու կողմից այսպիսի “ ” չակերտների մեջ վերցրեք կամ օգտագործեք մինուս նշանը (գծիկը) այն տերմինից առաջ, որը տանում է դեպի անցանկալի արդյունքներ:

  • Օրինակ՝ փնտրեք “Michael Jordan” չակերտների մեջ՝ առանց դրանց որոնելու փոխարեն: Չակերտներ չօգտագործելու դեպքում Google-ը կգտնի ցանկացած էջ, որտեղ առկա են Jordan և Michael բառերը:

Օգտագործեք մինուս նշանը (գծիկը) անմիջապես այն բառից կամ արտահայտությունից առաջ, որը ցանկանում եք բացառել որոնումից։

  • Օրինակ՝ Տրիպոլի բառը առանց Լիբիա բառի հիշատակող էջեր գտնելու համար որոնեք այսպես` Տրիպոլի -Լիբիա (Tripoli -Libya): Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ դա փնտրումից կհանի միայն այն էջերը, որոնք պարունակում են Լիբիա բառը, բայց ոչ Լիբիայում գտնվող Տրիպոլիի մասին էջերը: Եթե ցանկանում եք Հունաստանի կամ Լիբանանի համանուն Տրիպոլի քաղաքի մասին էջեր գտնել, շատ ավելի արդյունավետ է այդ քաղաքներին վերաբերող բանալի բառեր ավելացնելը: Դուք կարող եք փորձել որոնել այսպես՝ Տրիպոլի Հունաստան -Լիբիա (Tripoli Greece -Libya):

Դուք կարող եք ճկունություն ավելացնել` «չփչացնելով» որոնումը. այդ նպատակով տարբերակների միջև ավելացրեք մեծատառերով «OR» (հայերեն՝ «կամ») բառը:

  • Օրինակ՝ Ուկրաինայում ռմբակոծության ենթարկված հիվանդանոցների մասին էջեր գտնելու համար փորձեք որոնել տարբեր քաղաքներ հետևյալ կերպ՝ ռումբ հիվանդանոց Ուկրաինա OR Կրամատորսկ OR Մարիուպոլ OR Դոնեցկ OR Խարկով (bomb hospital Ukraine OR Kramatorsk OR Mariupol OR Donetsk OR Kharkiv): Եթե բաց թողնեք (մեծատառերով) OR բառը, Google-ը կփնտրի էջեր, որտեղ առկա են բոլոր բառերը միասին, որոնք կարող են այդքան էլ շատ չլինել:

Դուք կարող եք ձեր որոնումը կենտրոնացնել որոշակի դոմեյնի վրա՝ առջևից գրելով site:, որին առաց բացատի կհաջորդի կայքի անվանումը:

  • Օրինակ՝ Covid 19-ի վերաբերյալ բոլոր հիշատակումները Չինաստանի կառավարական կայքերում գտնելու համար փնտրեք հետևյալ կերպ՝ Covid OR 新冠肺炎 site:gov.cn:

Բացառապես pdf ձեւաչափով նյութեր որոնելու համար է նախատեսված ext:pdf նշումը: Եթե գիտեք այդ ձեւաչափով փաստաթղթում եղած մի քանի բառ, դրեք դրանք չակերտների մեջ Google-ում և տեսեք՝ արդյո՞ք նույն փաստաթղթի վերաբերյալ կան այլ աղբյուրներ:

  • Օրինակ՝ ԱՄՆ ռազմական կայքերից Բագրամ քաղաքը հիշատակող pdf փաստաթղթեր գտնելու համար, որոնեք այսպես՝ Bagram ext:pdf site:mil:

Ճանապարհորդություն ժամանակի մեջ

Երբեմն ձեզ անհրաժեշտ են տեղեկություններ, որոնք հեռացվել են համացանցից, օրինակ՝ ջնջված թվիթ, կայք կամ ֆեյսբուքյան հաշիվ: Գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք կարող են օգնել հետ բերելու տեղեկությունը:

Որոնման համակարգի քեշերը (Caches)

  • Եթե տեղեկությունը միայն վերջերս է ջնջվել, բայց դրա կայքը Google-ի որոնմամբ դեռ հայտնվում է, փորձեք սեղմել որոնման արդյունքներում ձեր մուտքագրածի կողքին գտնվող երեք սև կետերի վրա: Դա կարող է ձեզ մուտք ապահովել որոնման համակարգի քեշում պահված պատճենին:

Ամսաթվերի միջակայքի որոնումներ

  • Երբեմն պատահում է, որ որոշ անձնական տեղեկություններ պարզապես կորում են ինչ-որ սենսացիոն լուրի վերաբերյալ հաղորդագրությունների առատության մեջ: Մեծ սյուժեի հրապարակմանը նախորդած ժամանակին վերադառնալու համար սեղմեք «Գործիքներ» (Tools) և բացվող ժամանակային պատուհանից ընտրեք ամսաթվերի միջակայքը՝

Արխիվներ

  • Archive.is-ը հատկապես լավ է սոցիալական ցանցերի ջնջված գրառումներ և հաշիվներ գտնելու համար:
  • Իսկ Wayback Machine (Ինտերնետ արխիվ՝ www.archive.org) կայքն արդյունավետ է վեբ բովանդակությունը հետ բերելու համար:

Որոնում պատկերով

Պատկերի տեղը ցանցում գտնելով՝ դուք կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, որը թույլ կտա նույնականացնել նկարում պատկերված անձին: Google-ի՝ պատկերների հակառակ որոնումը կարելի է գտնել՝ սեղմելով Google Image-ի (Գուգլ պատկերի) որոնման հատվածում գտնվող տեսախցիկի նշանին:

«Google Lens» անվամբ գործիքը որոնում է պատկերներ, որոնք նման են ձեր վերբեռնածին:

Եթե ոչինչ չի համապատասխանում, սեղմեք «Գտնել պատկերի աղբյուրը» (Find image source): Այն կորոնի ճիշտ նույն պատկերը Google-ի ինդեքսավորած կայքերում: Դուք դա կարող եք օգտագործել լոգոների, վայրերի և մարդկանց լուսանկարների որոնման համար:

Ճիշտ անձի նույնականացում

Քանի որ անունները սովորաբար ոչ օրիգինալ՝ տարածված բառեր են և երբեմն էլ թերի, լավագույն լուծումը ձեր որոնած անձի մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելն է: Մտածեք հետևյալ հարցերի մասին՝

  • Անուն. ուղղագրություն, հապավումներ, այլ այբուբեններից տառադարձում, կարո՞ղ է նրանք օգտագործած լինեն իրենց մյուս ծնողի ազգանունը, փոխած լինեն ամուսնությունից հետո, եզակի (հազվադեպ հանդիպող) օգտանուններ:
  • Հարաբերություններ. ընկերների ցուցակում ընտանիքի անդամներ, նույն ընկերը տարբեր սոցիալական ցանցերում:
  • Զբաղվածություն. աշխատանք, կազմակերպություն, նախկին աշխատանք:
  • Կապակցված վայրեր. որտեղ է ծնվել անձը, որտեղ է աշխատում:
  • Էլ-փոստի հասցե. կայքեր, որտեղ կարելի է գտնել աշխատանքային էլ-փոստի հասցեներ, որոնք համապատասխանում են որոշակի ձևաչափի:
  • Մտածեք նաև այն մասին, թե ինչ տեսք ունի այդ մարդը, որոնք են նրա հետաքրքրությունները, գործերը և հոբբիները:

Մարդկանց ուսումնասիրելու գործիքներ

  • Որոշ առցանց ռեսուրսներ հավաքում են անձնական տվյալները որոնելի ռեսուրսներում:
  • Skopenow-ը, Spokeo-ն, Pipl-ը և այլն, մարդկանց ուսումնասիրելու մասնագիտացված կայքեր են և տրամադրում են բազմաթիվ անձնական տեղեկություններ ձեր հետաքննության թեմայի վերաբերյալ: Դրանք կարելի է որոնել ըստ հեռախոսահամարի, էլ.փոստի և այլ գործոնների: Spokeo-ն որոշ առումներով նման է, բայց կենտրոնացած է ԱՄՆ քաղաքացիների վրա:

Որոնում սոցիալական մեդիայում

  • Մարդիկ տարբեր սոցիալական ցանցերում իրենց կյանքի տարբեր կողմերն են ներկայացնում: Յուրաքանչյուրում տարբեր հետևորդներ կլինեն:
  • Դուք կարող եք որոնել սոցիալական ցանցերը Google-ի միջոցով՝ օգտագործելով site:-ը, օրինակ՝ site:facebook.com, սակայն, սովորաբար, ավելի լավ է սկսել սոցիալական ցանցերի ներքին որոնման վանդակներից, քանի որ դրանք ուղիղ կապ ունեն իրենց սեփական տվյալների բազայի հետ և կարող են առաջարկել ավելի թարմ արդյունքներ:
  • Դուք կարող եք YouTube-ում որոնումը նախ Google-ի միջոցով կատարել՝ մուտքագրելով site:youtube.com կամ որոնելով իր իսկ տեսանյութերի ներդիրում:

Որոնում Twitter-ում

Twitter-ն ունի շատ օգտակար, ճկուն ընդլայնված որոնման համակարգ: Հասանելի են նաև այլ ռեսուրսներ, ինչպիսին, օրինակ,

  • Followerwonk-ն է, որը համեմատում է երկու կամ երեք հաշիվների հետևորդներին:

Որոնում Facebook-ում

  • Խմբերն ու էջերն ունեն իրենց ներկառուցված որոնումը, որն օգնում է ձեզ կոնկրետ գրառում գտնել:
  • Facebook-ի «Մարդիկ» (People) ներդիրը նրա ամենաօգտակար գործառույթներից մեկն է: Նույնիսկ կարիք չկա անուն փնտրելու: Պարզապես մուտքագրեք մի քանի մանրամասներ այն անձի մասին, որին փնտրում եք: Օրինակ՝ կարող եք ուղղակի որոնել մասնագիտություն, ընկերություն, քաղաք կամ համալսարան: Էջի ձախ կողմում կարող եք գտնել նաև զտիչներ, որոնք թույլ են տալիս նշել ձեր որոնմանն առնչվող մանրամասներ:
  • «Posts» (Գրառումներ) ներդիրը թույլ է տալիս ֆեյսբուքյան գրառումներում որոնելու բանալի բառեր: Զտիչները թույլ են տալիս նշել աղբյուրը, ամսաթիվը և որոնել ֆեյսբուքյան խմբերում:
  • Եթե կասկածներ ունեք, թե որևէ մեկը ինչ-որ բան խմբագրել է Facebook-ում, սեղմեք վերևի աջ կողմում գտնվող երեք փոքրիկ կետերին, բացեք «խմբագրման պատմությունը» և կկարողանաք տեսնել նախորդ տարբերակները:

Որոնում Instagram-ում, Telegram-ում և TikTok-ում

  • Որոնումը մի փոքր ավելի է բարդանում, բայց շատ արժեքավոր է դառնում, եթե թիրախը, որին փնտրում եք, այն մարդկանց խմբում է, որոնք չեն օգտագործում Twitter, Facebook և այլն:
  • Ձեզ համար ավելի հեշտ կարող է լինել Instagram-ում և TikTok-ում որոնել Google-ի միջոցով, օրինակ՝ site:tiktok.com-ով:
  • Telegram-ի՝ համակարգչի աշխատանքային սեղանի հավելվածը թույլ է տալիս որոնել ալիքներ և ալիքների ներսում: Գուցե արժե նաև այլ սոցիալական ցանցերում որոնել Telegram-ի բովանդակության հղումներ: Դա անելու համար ձեր որոնման մեջ պարզապես ավելացրեք t.me:

Գլխավոր լուսանկարի աղբյուր՝ Wokandapix / Pixabay

Հեղինակային իրավունքը (c)՝ Փոլ Մայերսի, 2021թ.: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք հետևել Փոլ Մայերսին Twitter-ում՝ @paulmyersbbc:

Փոլ Մայերսը BBC-ի Հետաքննության աջակցության նախաձեռնության առաջատար խորհրդատուն է: Նա շուրջ 20 տարի աշխատել է առցանց հետազոտության «առաջնագծում» և 2000-ականների սկզբից վերապատրաստել է գործընկեր լրագրողների: BBC-ի աշխատանքից դուրս, Մայերսն օգնել է ՄԱԶԾ-ի (UNDP), Համաշխարհային բանկի, Guardian-ի, CNN-ի և շատ այլ հետաքննող խմբերի մասնագետների: Նա ղեկավարում է researchclinic.net կայքը:

Այս նյութը պատրաստվել եւ թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter