
Քրեական վարույթ է նախաձեռնվել դատավորի հետ կապվող ՍՊԸ-ի ստացած շինթույլտվության առիթով
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կնոջ ղեկավարած ընկերությանը տրված շինթույլտվությունը կուսումնասիրվի քրեական վարույթի շրջանակում։
Նախորդ ամիս գրել էինք, որ դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ին Երևան քաղաքում շինարարություն կատարելու թույլտվություն էր տրվել, որի համար հիմք հանդիսացող փաստաթղթերում բացակայում էին հարևանների համաձայնությունների բնօրինակ թղթերը (ենթադրվում է, որ կեղծվել են համաձայնությունները)։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը՝ Հ․ Խաչատրյանը, «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Քննչական կոմիտեում որոշել էին քրեական վարույթ չնախաձեռնել։ Քննչական կոմիտեի քննիչը քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին արձանագրություն էր կազմել 3 տարի ՔԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արտակ Կրկյաշարյանին առնչվող պատմության վերաբերյալ։
Այդ ամենից հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել և նախաքննություն իրականացնել։
Այս ամենին զուգահեռ կասկածելի հիմքերով տրված թույլտվությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շինարարությունը մեծ թափով շարունակվում է։
Մեկնաբանել