HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների կազմում գործող քաղաքականության մշակման և պլանավորման վարչությունների հիմնական գործառույթներին:

Կողմերն ընդգծել են երկկողմ բարեկամական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-հնդկական բարձր մակարդակի շփումների, միջգերատեսչական կապերի ակտիվացման և քաղաքական երկխոսության օրակարգի կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկրների միջև հաղորդակցության կապուղիների հաստատման խթանմանը:

Նախարարի տեղակալ Սաֆարյանը հնդկական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին շրջանում և առ այսօր իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter