HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լին Թրեյսին այցելել է Ռուսաստանում կալանավորված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Ռուսաստանում լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի հետ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որտեղ աշխատում է Գերշկովիչը։ Տեղեկատվությունը РИА Новости-ին հաստատել են նաև ԱՄՆ դեսպանությունից։ Սա ապրիլից ի վեր ԱՄՆ դեսպանի առաջին այցն էր լրագրողին։ 

Ապրիլին և մայիսին ռուսական կառավարությունը մերժել էր Գերշկովիչի խնդրանքը հյուպատոսական հասանելիության տրամադրման վերաբերյալ, ինչին ի պատասխան ԱՄՆ-ում հրաժարվել էին մուտքի արտոնագիր տրամադրել ռուսաստանցի լրագրողներին, որոնք ցանկանում էին Նյու Յորք ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի պատվիրակության կազմում։ 

Հունիսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել էր խափանման միջոցի բողոքարկման վերաբերյալ Գերշկովիչի փաստաբանի միջնորդությունը։ Մինչև օգոստոսի վերջ նա ստիպված կլինի մնալ մեկուսարանում։

Գերշկովիչին մարտի 29-ին Եկատերինբուրգում ձերբակալել էին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ «լրտեսության» կասկածանքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողը հետաքրքրվում էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքով և այցելել էր Նիժնի Տագիլ, որտեղ տեղակայված է «Уралвагонзавод»-ի արտադրությունը։ Հաջորդ օրը Մոսկվայի դատարանը տվել էր լրագրողի ձերբակալման օրդերը։

Bloomberg գործակալության աղբյուրները հայտնել էին, որ լրագրողի ձերբակալման նախաձեռնությունը ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներինն է։ Գործակալությունը վստահ էր, որ լրագրողի ձերբակալման վերջնական որոշումն ընդունել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում այս տեղեկությունը հերքել էին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը Գերշկովիչին շնորհել էր «անիրավաչափ ձերբակալվածի» կարգավիճակ, ինչը հնարավորություն է ստեղծում նրա փոխանակման համար։ Գործին ծանոթ աղբյուրներից մեկը«Медуза»-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ում կալանավորված ռուսաստանցիներից մեկի հետ փոխանակման հույս ունեն նաև լրագրողի փաստաբանները։

Լուսանկարը՝ Valery Sharifulin / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter