
Ուկրաինայի ՊՆ-ի պնդմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում ազատագրվել է 37 քառ. կմ տարածք
Ուկրաինական ուժերը շարունակում են գրոհել Բախմուտի, Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով ու նախորդ շաբաթ ազատագրել են ընդհանուր առմամբ 37 քառ. կմ տարածք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։
«Արևելքում շարունակվում են ինչպես հարձակողական, այնպես էլ՝ պաշտպանական գործողությունները։ Մենք շարժվում ենք Բախմուտի ուղղությամբ, իսկ թշնամին շարունակում է հարձակվել Լիմանի, Ավդեևկայի ու Մարյինկայի ուղղություններով։ Հակառակորդը փորձում է մեր զորքերին դուրս մղել զբաղեցրած դիրքերից, սակայն ստանում է արժանի հարված։ Հիմա այնտեղ շարունակվում են ծանր մարտերը»,- հայտարարել է Մալյարը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արևելքում ազատագրվել է 9 քառ. կմ տարածք։ Ընդ որում, ըստ նրա՝ Ուկրաինայի զինված ուժերը երկրի հարավում հարձակողական գործողություններ են իրականացնում Նովոդարովկա, Պրիյուտնոյե, Նովոդանիլովկա, Ռաբոտինո, Նովոսելկա և Ստարոմայսկոյե բնակավայրերի շրջաններում։
Լուսանկարը՝ արխիվային/Gleb Garanich/Reuters
Մեկնաբանել