HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ քայլեր, որ պետք է անեն լրագրողներն արտակարգ իրավիճակներում

Սպառնալիքներ ստացող լրագրողները երբեմն ստիպված են լինում ժամերի ընթացքում լքելու իրենց տները։ Հակամարտությունները, սակայն, հաճախ կանխատեսելի են, ուստի այդ պատճառով անկայուն շրջաններում գտնվողները ձեռքի տակ պետք է ունենան ելքի պլան և կարևոր փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում, լրագրողներին կօգնեն ոչ միայն ուղևորության ընթացքում, այլև՝ ավելի ապահով տարածաշրջան կամ երկիր տեղափոխվելիս։ Ստորև թվարկված են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է հավաքել, ինչպես նաև՝ այն կազմակերպությունները, որոնք աջակցում են լրագրողների տեղափոխությանը։

Միշտ ձեռքի տակ ունենալու փաստաթղթեր

  1. Անհրաժեշտ է ունենալ ստորև թվարկված փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները (թղթային տարբերակով)։
  2. Ամեն ինչ լուսանկարեք և պահեք գաղտնագրված ամպային ծառայությունում, որին վստահում եք (օրինակ՝ Dropbox, Sync.com) կամ որևէ երկրորդ սարքում՝ այն դեպքի համար, եթե կորցնեք ձեր հիմնական սմարթֆոնը։ Դուք կարող եք դրանք ուղարկել նաև արտերկրում բնակվող ձեր ընտանիքին կամ ընկերներին։
  • Անձնագիր, նույնականացման ազգային քարտ, վարորդական վկայական։
    • Ստուգեք վավերականության ժամկետները. եթե վավերականության ժամկետի ավարտին մի քանի ամիս է մնացել, հնարավորության դեպքում, անմիջապես դիմեք նորը ստանալու համար։
    • Եթե ունեք անձը հաստատող մի քանի փաստաթուղթ, ապա դրանք պահեք առանձին տեղերում. դա ապահովագրում է ձեզ՝ դրանցից մեկը կորցնելու դեպքում։
  • Ծննդյան վկայական (կամ որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ծննդյան ամսաթիվը և վայրը)։
  • Այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, ավարտական ատեստատ, գնահատականներ), լրագրողական վկայական, մասնագիտական վկայականներ, պատվաստման վկայական, բժշկական այլ փաստաթղթեր։

Ամպային ծառայությունում և ձեր սմարթֆոնում մեկ անգլերեն փաստաթղթով (ֆայլով) պահպանեք հետևյալ տեղեկությունները՝ պատրաստ լինելով դրանք պատճենելու և ուղարկելու ում պետք է՝

  • ամբողջական անունը՝ ըստ օրինական փաստաթղթերի, ծննդյան վայրը և ամսաթիվը,
  • անձնագրի, ինչպես նաև դրա թողարկման համարը և վավերականության ժամկետի ավարտի ամսաթիվը,
  • ընթացիկ գտնվելու վայրը. զգույշ եղեք այս տեղեկությունն առցանց հաղորդագրություններում տարածելիս,
  • էլփոստի հասցեն,
  • հեռախոսահամարը և, տարբերվելու դեպքում, WhatsApp-ի և Signal-ի համարները,
  • աշխատանքի վայրը/տեղական և արտասահմանյան կազմակերպություններում աշխատանքը հաստատող փաստաթուղթ։

Եթե արտերկրում վստահելի ընկեր կամ կոնտակտային անձ ունեք, դիտարկեք թվարկված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների թվային պատճենները պահման նպատակով նրանց ուղարկելու հնարավորությունը։

Անձնական փաստաթղթերի արխիվ

  • Ստեղծեք լուսանկարների և ձեզ համար կարևոր ու հիշարժան ցանկացած բանի թվային պատճենը։
  • Ամեն ինչ պահպանեք այն ամպային ծառայությունում, որին վստահում եք։

Կանխարգելիչ միջոցառումներ

  • Որևէ ապահով օտար երկրի տուրիստական վիզայի համար նախապես դիմում ներկայացրեք. դա պետք կգա, անհրաժեշտությանդեպքում, ժամանակավորապես որևէ տեղ հեշտությամբ մեկնելու համար։
  • Կապ հաստատեք այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց նախկինում աշխատակցել եք (խմբագրություններ, առցանց լրատվամիջոցներ, որտեղ աշխատել եք ազատ լրագրողի (ֆրիլանսեր) կարգավիճակով, հասարակական կազմակերպություններ, որտեղ եղել եք խորհրդատու կամ աշխատակից)։
    • Խնդրեք ձեր աշխատանքի վերաբերյալ անգլերեն տեղեկանք կամ երաշխավորագիր (օրինակ՝ գլխավոր խմբագրի կամ մարդկային ռեսուրսների բաժնի ներկայացուցչի ստորագրությամբ փաստաթուղթ, որը հաստատում է ձեր կատարած աշխատանքը և ներառում է աշխատանքի կամ համագործակցության ամսաթվերը)։
    • Հարցրեք՝ արդյո՞ք նրանք կապեր ունեն իրենց կառավարությունում և արդյո՞ք կարող են երաշխավորել ձեզ համար, եթե դիմեք այդ երկրում փախստականի կարգավիճակ ստանալու։
    • Խնդրեք օժանդակ էլեկտրոնային փաստաթղթեր՝ անգլերենով, և կազմակերպության այն կոնտակտային անձի տվյալները, որը կաջակցի ձեզ իրավիճակի զարգացմանը զուգընթաց։
  • Կապ հաստատեք միջազգային մասնագիտական կազմակերպությունների հետ, որոնց անդամակցում եք, և խնդրեք աջակցող նամակ և անդամակցության կամ ներգրավվածության ապացույց՝ անգլերենով։
  • Ուսումնասիրեք այլ երկրներում ապաստանի և փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։ Սկսեք այն երկրներից, որտեղ մոտ հարազատ ունեք (ծնող, տատիկ և պապիկ, քույր կամ եղբայր, ամուսին, կին, երեխա)։
    • Եթե վստահ չեք՝ որտեղից սկսել, կարող եք կապ հաստատել ձեզ հետաքրքրող երկրների դեսպանատների հետ՝ հարցնելու ապաստանի տրամադրման ընթացակարգերի մասին։
    • Կարող եք կապ հաստատել նաև փախստականներին օգնություն տրամադրող կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք օգնեն ձեզ պատկերացում կազմելու այլ երկրում փախստական դառնալու իրավական հիմքերի մասին։

Քայլեր՝ ուղղված թվային և ֆիզիկական անվտանգությունն ապահովելուն

Կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել

Ստորև ներկայացված են այն կազմակերպությունները, որոնք հրատապ օգնություն են ցուցաբերում իրենց աշխատանքի պատճառով վտանգի տակ գտնվող լրագրողներին.

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect Journalists, CPJ) «աջակցում է առաջնագծում աշխատող լրագրողներին և արագ արձագանքման օգնություն է տրամադրում այն լրագրողներին, որոնք վիրավորվել են, բանտարկվել կամ ստիպված են եղել լքել երկիրն իրենց աշխատանքի պատճառով»։ Նրանց հետ կապ հաստատելու ամենաարագ եղանակը էլեկտրոնային փոստն է ([email protected]

«Կանադացի լրագրողները հանուն ազատ արտահայտման» (Canadian Journalists for Free Expression, CJFE). ֆինանսական աջակցություն է առաջարկում հետևյալ պայմաններով.

  • «Դիմորդը պետք է լինի լրագրող, ինչը պետք է հաստատի կամ IFEX-ի (International Freedom of Expression Exchange, հայ.՝ «Խոսքի ազատության միջազգային ասոցիացիա») որևէ անդամ կամ հրատապ օգնություն տրամադրող որևէ կազմակերպություն։
  • Տրամադրվող գումարը սովորաբար կազմում է 500-ից մինչև 1500 կանադական դոլար (400-1200 ԱՄՆ դոլար)։
  • Լրագրողները կարող են հավակնել CJFE-ի՝ առավելագույնը երկու առանձին դրամաշնորհի։
  • CJFE-ն ընդունում է միայն անգլերենով հայտադիմումներ»։

CJFE-ի ֆինանսական աջակցությամբ կարելի է է հոգալ իրավաբանական վճարները, երբ լրագրողները կալանավորվում են, բժշկական ծախսերը, անվտանգ վայր տեղափոխելու և անվտանգ երկրում վերաբնակեցնելու ծախսերը։

«Ազատ մամուլ առանց սահմանների» (Free Press Unlimited, FPU) կազմակերպությունը կարող է կարճաժամկետ աջակցություն տրամադրել լրագրողներին, որոնք ի վիճակի չեն աշխատել կամ վճարել վտանգավոր կամ խոցելի իրավիճակից ժամանակավորապես դուրս գալու համար անհրաժեշտ ծախսերը։ Դիմել կարելի է այստեղ։ Ըստ FPU-ի կայքի՝ պահանջները հետևյալն են.

  • «դուք մեդիա կազմակերպություն եք կամ գործող մեդիա մասնագետ,
  • ձեր արտակարգ իրավիճակը ձեր մասնագիտական լրագրողական աշխատանքի ուղիղ հետևանք է,
  • դուք ընդունում եք, որ այս օգնությունը համակարգված չէ, այլ տրամադրվում է իրավիճակով պայմանավորված (մեկանգամյա) հիմունքներով,
  • դուք ընդունում եք, որ մեր աջակցության նպատակը հնարավորինս շուտ ձեր աշխատանքը վերականգնելն է,
  • ձեր իրավիճակը պետք է հաստատի ձեզանից բացի առնվազն երկու վստահելի աղբյուր»։

«Ֆրիդըմ Հաուսն» (Freedom House) իրականացնում է հրատապ օգնության ծրագիր։ Դիմում ներկայացնելու մասին տեղեկություն ստանալու համար գրեք նրանց էլ-փոստով ([email protected]

«Լրագրողների միջազգային ֆեդերացիան» (International Federation of Journalists, IFJ) ունի անվտանգության ֆոնդ (Safety Fund), որին կարող եք դիմել այստեղ։

«Միջազգային մեդիա աջակցություն» (International Media Support, IMS) կազմակերպությունն առաջարկում է անվտանգության փաթեթ, որը ներառում է «շուրջօրյա թեժ գծեր, ապաստարաններ, անվտանգության հիմնադրամ, անվտանգությունն ապահովելու սարքավորումներ, իրավաբանական օգնություն, հրատապ աջակցություն» և այլն։

«Կանանց միջազգային մեդիա հիմնադրամ» (International Women’s Media Foundation, IWMF) կազմակերպությունն ունի արտակարգ իրավիճակների հիմնադրամ, որը հոգեբանական, բժշկական, ինչպես նաև իրավաբանական օգնություն է տրամադրում, աջակցում է ժամանակավոր տեղափոխության հարցում (3 ամիս): Ֆինանսավորման համար կարող եք դիմել այստեղ։ Դիմորդը պետք է համապատասխանի այս չափանիշներին։

«Լրագրողներն օգնում են լրագրողներին» (Journalisten helfen Journalisten). գերմանական այս կազմակերպության աջակցությամբ տեղափոխվելու նպատակով դիմելու համար գրեք նրանց էլ-փոստին ([email protected]

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (Reporters Without Borders, RSF) վտանգի տակ գտնվող լրագրողներին խնդրում է աջակցության համար գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +33 1 4483 8466:

  • RSF-ի վտարանդի լրագրողների ուղեցույցում ներկայացված են ՄԱԿ-ի ՓԳՀ-ի (UNHCR, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ), ԵՄ որոշ երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի՝ ապաստան և փախստականի կարգավիճակ տրամադրելու ընթացակարգերը։
  • Հետևեք RSF-ի թվիթերյան ռուսերեն էջի թարմացումներին։
  • RSF-ի գերմանական մասնաճյուղը (Reporter Ohne Grenzen) օգնություն է առաջարկում տեղափոխության համար դիմելիս: Կապվեք նրանց հետ [email protected] հասցեով։

Միջազգային կրթաթոշակային ծրագրեր

Այն լրագրողները, որոնք պետք է լքեն իրենց երկիրը, բավականաչափ ժամանակ ունենալու դեպքում, մինչև լարվածությունը սկսի նվազել, կարող են նաև դիմել այս միջազգային կրթաթոշակներից որևէ մեկին. դրանք հաճախ օգնում են վիզայի հարցում և տրամադրում կրթաթոշակ ու բնակարան։

Գլխավոր լուսանկարի նկարագրություն՝ Երբ 2014 թվականին ռուսական զորքերը ներխուժեցին Ղրիմ, դիմակավորված զինված անձինք խուզարկության նպատակով տակնուվրա արեցին GIJN-ի («Հետաքննական լրագրության գլոբալ ցանց», անգլ.՝ Global Investigative Journalism Network) անդամ «Լրագրողական հետաքննությունների ղրիմյան կենտրոնի» գրասենյակը, որի անձնակազմն ի վերջո ստիպված եղավ տեղափոխվել Կիև։ Աղբյուրը՝ Screenshot

Այս նյութը պատրաստվել եւ թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter