
Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հրապարակել է ԱԺ խմբակցությունների հայտարարությունը․
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։
Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։ Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովումը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։
Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջև, թույլ չենք տալու մեր ազգային- ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ ևս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ անկախ ապրելու իր կամքն ամրագրել 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։
Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որևէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի, առանձին անձինք և շրջանակներ իրավասու և լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը։ Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր հայրենակիցներին։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅԴ» խմբակցություն
«ԱԺԿ» խմբակցություն
Մեկնաբանել