
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության 9-րդ անդամը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով շարժման քարտուղարությանը։
Որոշումն ընդունվել է կազմակերպության հուլիսի 4-ի գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ կազմակերպությանը անդամակցությունը Իրանին կապահովի անվտանգության, ինքնիշխանության ապահովման և տնտեսության կայուն զարգացման համար նախադրյալներ։
2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել էր կազմակերպության անդամակցության նպատակով Իրանի պարտավորությունների մասին հուշագիր։ 2023 թվականի հունվարին Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել այդ հուշագրի մասին օրինագծին։
2005 թվականին Իրանը դարձել էր Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ, իսկ արդեն ամբողջական անդամակցության գործընթացը սկսվել էր 2021 թվականին։
Լուսանկարը՝ Sputnik-ի
Մեկնաբանել