
Թուրքիան և Եգիպտոսն ամբողջությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց ամբողջությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները՝ երկու երկրներում նշանակելով դեսպաններ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի հասցնելու մասին: Թուրքիան Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի ԱԳՆ-ն ևս հաստատել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները մինչև դեսպանների մակարդակի բարձրացման վերաբերյալ տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի բարձրացնելու մասին: Եգիպտոսն Անկարայում իր դեսպան է նշանակում Ամրա ալ-Համամիին: <...> Այս քայլն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը և արտացոլում է նրանց ընդհանուր վճռականությունը՝ աշխատելու երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ եգիպտացի ու թուրք ժողովուրդների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անկարայի և Կահիրեի հարաբերությունները լարվել էին 2013 թվականին՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ Դրանից հետո երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց Եգիպտոսի հետ դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում կարճ հանդիպում ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, որից հետո երկու երկրների հարաբերություններում էական առաջընթաց նկատվեց։
Փետրվարի վերջին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին այցելեց երկրաշարժից տուժած Ադանա քաղաք։ Այնտեղ նրան դիմավորեց Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպում։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել