
Երևանի նախկին փոխքաղաքապետից ու կնոջից դատախազությունը պահանջում է բռնագանձել գույք և 28 մլն դրամ
Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի ու կնոջ դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի քննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է ամուսիններից բռնագանձել անշարժ և շարժական գույք, ինչպես նաև գումար:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Վրացական փողոցում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 100 հազ. դրամ:
Դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ 2009թ. Վահե Նիկոյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը Երևան համայնքից 1 մլն 315 հազ․ 394 դրամով ձեռք է բերել նշված տարածքը, որի ձեռքբերման պահին ունեցել է ընդհամենը 839 հազ․ 482 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով:
Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա է նաև Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան պողոտայի համապատասխան հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 250 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ գույքի վարձակալության վճարները մինչև գործով վճռի փաստացի կատարումը:
Պահանջի հիմնավորումն այն է, որ 2010թ. Արմինե Գրիգորյանը, Երևան համայքից ձեռք է բերել նշված հասցեի ընդհանուր 14․5 քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 58․34քմ մակերեսով հողամասը՝ 1 մլն 960 հազ․ 431 դրամով, որի ձեռքբերման համար ունեցել է ընդհամենը 672 հազ. 492 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում Իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով: Հետևաբար ձեռքբերումը 65.70%-ով ապօրինի է: Հետագայում այս գույքի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որոնց համար ծախսված միջոցները չեն հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով, ուստի վերջնարդյունքում գույքը դիտարկվել է ապօրինի 95.83%-ով:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Mercedes-Benz S350 մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը, ևս բռնագանձման պահանջի մաս է կազմում:
Դատախազության հիմնավորմամբ՝ 2014թ. Վահե Նիկոյանը Mercedes-Benz S350 մակնիշի ավտոմեքենան գնել է 11 մլն դրամով, որի ձեռքբերման պահին ունեցել է ընդհամենը 3 մլն 310 հազ․ դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում Իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով, հետևաբար ձեռքբերումը ապօրինի է 69.91%-ով:
Բացի վերոնշյալ գույքային պահանջից, Դատախազությունը պահանջ է ներկայացրել նաև Վահե Նիկոյանից և Արմինե Գրիգորյանից բռնագանձել 19 մլն 786 հազ. դրամի չափով գումար, որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, որը գոյացել է վարձավճարներից և 2017թ․ փոխանցումներից: Ինչպես նաև 8 մլն 258 հազ. դրամի չափով գումար, որը 2013-2022թթ. ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Դատախազությունից հայտնում են նաև, որ 2013-2022թթ. Վահե Նիկոյանի և Արմինե Գրիգորյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջիններս կատարել են օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումներ:
Նշենք, որ դատախազությունը Վահե Նիկոյանի և կնոջ՝ Արմինե Գրիգորյանի գույքի ուսումնասիրության ժամանակահատվածն ընտրել է 2008 թվականից:
Պատասխանողները չեն ընդունում դատախազության հայցադիմումում նշված պահանջները:
Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Վահե Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ՍՊԸ-ին, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ գումար: Նա ձերբակալվել էր:
Մեկնաբանել