HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանխեք սեփականատերերի սեփականության իրավունքը խախտող գործողությունները»

Արդար դատաքննություն իրականացնելու պահանջով դատարանին դիմեց Արտավազի բնակիչների շահերի ներկայացուցիչը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Հրազդան), մայիսի 24-ին շարունակվում էր Արտավազ համայնքի սեփականատերերից երեքի' Մեխակ Աբրահամյանի, Երվանդ Նալթակյանի եւ Մարգո Բադալյանի, սեփականության օտարման պահանջի մասին հայցերի եւ վերջիններիս ներկայացրած հակընդդեմ հայցերի քննությունը:

Արտավազ համայնքի բնակիչների շահերի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը դատարանին հայտնեց, որ գերակա հանրային շահ ճանաչված Արտավազ համայնքի հողերը ձեռքբերող «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն մինչ օրս չի հիմնավորել 1200 հա հողամասի ձեռքբերման անհրաժեշտությունը: Համայնքի բնակչությունն անտեղյակ է, թե ինչ է կառուցվելու այն հողի վրա, որը վերցնում են իրենցից, հատկապես նկատի ունելով այն հանգամանքը, որ մեծաքանակ հողերի ձեքբերումով վտանգվում է համայնքի գոյությունը:

Նա դատարանին միջնորդեց հայցվոր «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ից պահանջել' ներկայացնելու ներդրումային ծրագիրը: Միջնորդությանն առարկեց «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնող Արսեն Թավադյանը, ով ներկայացնում է «Տեր-Տաճատյան» իրավաբանական գրասենյակը: Նրա ասելով' ներդրումային ծրագիրը էական նշանակություն չի կարող ունենալ ոչ իրենց ներկայացրած հայցադիմումի, ոչ էլ հակընդդեմ հայցի քննության համար:

Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը' ասելով, որ սույն հայցի քննության շրջանակում ներդրումային ծրագիրը ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Փաստաբան Մարիամ Ղուլյանը նշեց, որ պատասխանողներին սեփականության իրավունքից զրկելը կամայական է եւ զուրկ որեւէ իրավական հիմքից: Նա հայտնեց, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող է իրականացվել օտարման գործընթացը:

Փաստաբանը նշեց, որ սահմանված չափանիշներով Արտավազ համայնքի դեպքում միանշանակ բացակայում է գերակա հանրային շահը: Այնուամենայնիվ, եթե դատարանը հաստատի, որ առկա է գերակա հանրային շահ, միեւնույն է, պատասխանողին իր սեփականությունից զրկելու հիմքեր չկան, քանի որ հայցվորը չի պահպանել օրենքով սահմանված ընթացակարգերը եւ պայմանները, որի դեպքում օրենքը որպես հետեւանք հստակ «եւ միանշանակ նախատեսում է գերակա հանրային շահ ճանաչելու փաստաթղթերի անվավերությունը:

«Ձեռքբերողը պարտավոր է մինչեւ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սեփականատերերին պատշաճ ձեւով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի նախագիծը: Եթե օտարման պայմանագրի նախագիծը ուղարկելուց հետո' երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվª այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին:

Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ: Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո' յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը»,- իր հիմնավորումները ներկայացրեց սեփականատերերի ներկայացուցիչը:

Մարիամ Ղուլյանն առարկեց Մեխակ Աբրահամյանին, Երվանդ Նալթակյանին եւ Մարգո Բադալյանին ներկայացված հայցերի, ինչպես նաեւ նույն հողամասերի համասեփականատերերին ներկայցվող պահանջի դեմ' ասելով, որ իր վստահորդները' ովքեր հայցվորի միջնորդությամբ ներգրավվել են որպես պատասխանողներ, օտարման պայմանագիր չեն ստացել եւ նրանց անունով դեպոզիտ հաշվին փոխհատուցման գումար չի փոխանացվել, ինչպես նախատեսում է ընթացակարգը, հետեւաբար հայցը ենթակա է մերժման:

Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ հողամասի համասեփականատերերին անհրաժեշտ չեն համարել սեփականության օտարման մասին պայմանագրի օրինակն ուղարկելը: Արսեն Թավադյանի ասելով' իրենց գործողություններում ժամկետների խախտում չկա, ժամանակին իրենք օտարման պայմանագրի օրինակն ուղարկել են սեփականատիրոջը, ում անունը նշված է Կառավարության որոշման մեջ:

«Մենք պարտականություն չունենք մյուս սեփականատերերին ուղարկելու հայցադիմումը եւ օտարման պայմանագիրը»,- ի պատասխան հայտնեց հայցվորը: Պատասխանելով Մարիամ Ղուլյանի մյուս հարցին' եթե կարծում եք, որ նրանց սեփականատեր լինելու հանգամանքը կարեւոր չէ, ինչո՞ւ եք նրանց պատասխանողներ ներգրավում, Ա. Թավադյանն ընդունեց, որ նրանք հանդիսանում են սեփականատերեր, այդ պատճառով էլ ներգրավել են նրանց:

Ի վերջո հայցվորի ներկայացուցչին օգնության հասավ դատավոր Ն. Պողոսյանը' նրա փոխարեն պատասխանողի ներկայացուցչին բացատրելով, թե ինչու չպետք է մյուս սեփականատերերին ուղարկեին օտարման պայմանագիրը եւ իր պատկերացումները ընթացակարգերը պահպանելու մասին: Մ. Ղուլյանը դատական նիստերի քարտուղարին խնդրեց արձանագրել նաեւ դատավորի բացատրությունը, որից հետո միայն դատավոր Նունիկ Պողոսյանն ընդհատեց պատասխանողի ներկայացուցչին ցուցաբերվող «իրավական օգնությունը»:

Մարիամ Ղուլյանը հայտարարեց, որ հայցվորը փաստեր չի ներկայացնում' վստահ լինելով, որ դատարանը կբավարարի իրենց բոլոր պահանջները, ինչպես եւ եղել է այս գործերով ընթացող դատաքննության ընթացքում:

«Նմանատիպ գործերով հանրապետությունում առկա դատական պրակտիկան նկատի ունենալով' մենք դատարանից պահանջում ենք արդարադատություն»,- հայտնեց փաստաբանը:

Շարունակելով ներկայացված հայցի դեմ իր առարկությունները' փաստաբանը նշեց, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել 18 փետրվարի 2011թ., այն դեպքում, երբ կարող էր ներկայացվել մինչեւ 17 դեկտեմբերի 2010թ.: Նման պարագայում օրենքը հստակ սահմանում է սահմանված ժամկետների խախտման հետեւանքները, որը նշանակում է' ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, եւ տվյալ սեփականության մասով բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:

Հայտնեց նաեւ, որ հայցադիմումին կից չեն ներկայացվել նաեւ պատասխանողների հողամասը գնահատելու վերաբերյալ գնահատման հաշվետվությունները, իսկ դատարանին ներկայացված տեղեկանքներն անթույլատրելի ապացույց են:

«Պնդում ենք նաեւ, որ հայցվորի կողմից ներկայացված գույքի արժեքը համաչափ չէ պատասխանողի գույքի շուկայական արժեքին»,- հայտնեց Արտավազի բնակիչների շահերի ներկայացուցիչը:

«Այն դեպքում, երբ իր դրսեւորած անգործությամբ ձեռքբերողը օրենքի ուժով հրաժարվել է սեփականատերերի սեփականության իրավունքը ձեռք բերելուց, օտարման պահանջով հայց ներկայացնելը եւ համապատասխան գործողություններ կատարելը հանգեցնում են սեփականատերերի սեփականության իրավունքի խախտմանը, քանի որ նրա սեփականության օտարումը տեղի է ունենում առանց իրավական հիմքի»,- հայտնեց սեփականատերերի ներկայացուցիչը:

Հակընդդեմ հայցով Ղուլյանը դատարանին խնդրեց կանխել իր վստահորդների սեփականության իրավունքը խախտող գործողությունները' «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ կողմից ՀՀ Կառավարության 25.02.2010թ. թիվ 241-Ն որոշման հիման վրա հողամասը ձեռքբերելուց հրաժարվելու հիմքով արգելել Արտավազ համայնքի բնակիչներին պատկանող հողամասի օտարման գործընթացի հետ կապված գործողություններ իրականացնել:

Հատկանշական է, որ դատավոր Պողոսյանը ներկայացված փաստարկներից արձագանքեց միայն գումարային փոխհատուցման չափերին' Մ. Ղուլյանին հարցնելով, թե կարո՞ղ են սեփականատերերը փոխհատուցման գումարի համարժեք հիմնավորումներ ներկայացնել:

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter