
ՌԴ զորքերը հրթիռակոծել են Լվովը. 4 զոհ և 30-ից ավելի վիրավոր կա
Հուլիսի 6-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Լվով քաղաքը։ Հրթիռներից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա՝ ավերելով երկու հարկերի բնակարանները։ Ինչպես գրում է РБК-Украина-ն, առավոտյան 10:00-ի տվյալներով՝ հայտնի է 4 զոհի և 37 վիրավորի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ փոխանցել է, որ 7 մարդու հաջողվել է փրկել, ևս 64 մարդ տարհանվել է։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Կրուկը, խոսելով Լվովի հրթիռակոծության մասին, ընդգծել է, որ Լեհաստանի սահմանից ոչ շատ հեռու գտնվող այդ քաղաքը պատերազմի ժամանակ պատսպարել է հազարավոր ուկրաինացիների։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հրթիռային հարվածն անվանել է Ուկրաինայի «քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամենամասշտաբային հարձակումը» Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ «Շատ մեծ ավերածություններ են։ Ավերվել է ավելի քան 50 տուն»,- ասել է նա՝ հավելելով, որ վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր ուկրաինական գրիվնա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում հրապարակել է Լվովի ավերածությունների կադրերը և ցավակցել զոհերի հարազատներին։ «Թշնամուն անպայման պատասխան կլինի։ Շոշափելի»,- հավելել է նա։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին քաղաքում երկօրյա սուգ է հայտարարել։
Լուսանկարը՝ AP Photo/Mykola Tys
Մեկնաբանել