HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեգասարից նահանջելու հրամանի իրավասություն չեմ ունեցել. ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, կալանքի տակ գտնվող Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից armlur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Վերջին շրջանում հաճախակիացել է տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։

Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակների հետ՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զենքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։

Ուստի, բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը»։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter