HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում. Քրիստինա Քվին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Արմենպրեսին» մեկնաբանելով Արցախի ապագայի վերաբերյալ իր հայտարարությունը, ասել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել էր, թե ԱՄՆ հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն Ադրբեջանի կազմում ապահովել հնարավոր է։

«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն  ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,- «Արմենպրեսին» ասել է դեսպանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր դեսպան Քրիստինա Քվինի այդ հայտարարությանը՝ նշելով. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա  արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»:

Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանության էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter