HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն․ ԿԳՄՍ նախարարություն

Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

«Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ Կառավարության 2021-2026 թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում ևս աշխատանքային խմբերն այցելել են շենքային անմխիթար պայմաններում գտնվող, փոքրաքանակ աշակերտական համակազմով դպրոցներ, իրականացրել մանրամասն տեղազննություն: 

«Ըստ էության՝ Լոռին և Շիրակը վերջին երկու մարզերն էին. այս որոշմամբ ՀՀ բոլոր մարզերի կառուցվող հաստատությունների ընդհանուր թիվը կկազմի 172, որոնցից 84-ը՝ կրթահամալիր, 81-ը՝ առանձին դպրոց: 7 դպրոց ամբողջական տեսքի կբերվի մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման և վերանորոգման արդյունքում: Այսպիսով՝ 172 հաստատության կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,6 մլրդ դրամ: Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ որոշման նախագծեր երևան քաղաքի, ինչպես նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի այն դպրոցների համար, որտեղ լրացուցիչ դիտարկման կարիք կա», -նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կառուցվող հաստատությունների նախագծային հզորությունները հաշվարկված են շուրջ 50 հազար երեխաների համար: 

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ այլ ծրագրերի շրջանակում անցած տարի 24 դպրոցում շինարարական աշխատանքներն ավարտվել են. այս պահին շինարարություն է ընթանում 100-ից ավելի հաստատություններում: «Պարբերաբար քննարկումներ ենք ունենում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, և կարծում եմ, որ այս  ծրագրի շրջանակում 300 դպրոց և ավելին ապահովելու ճանապարհին ենք»,-փաստել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը, ընդգծել է, որ դրա նպատակն է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր բնակավայրերի բոլոր երեխաների համար:

Նշենք, որ Լոռու մարզում ընտրվել է 32 բնակավայր, որոնցից 11-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 11-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 2-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն:Դպրոցներից 4-ի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում (պահանջում են անհատական նախագծեր և այլն) և 2-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ: 

Շիրակի մարզում ընտրվել է 27 բնակավայր, որոնցից 4-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 9-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 5-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն: Դպրոցներից մեկի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում և 4-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ: 

Ընդ որում՝ խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է փաստաթղթերը ձեռք բերել առկա (տարիների ընթացքում ձեռքբերված) նախագծերի տեղակայման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter