
ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման մասին. The New York Times
ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման մասին։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Պարբերականը նշում է, որ նախկինում Վաշինգտոնը չէր համաձայնվում Կիևին մատակարարել այդպիսի արկեր՝ խաղաղ բնակչության համար սպառնալիքից ելնելով։
CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ որոշում կընդունի, թե արդյոք անհրաժեշտ է հաստատել Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումը։ Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին այդպիսի արկերի մատակարարման հնարավորությունը, քանի որ Ուկրաինան հակահարձակման համար զինամթեքրի կարիք ունի։
Հուլիսի 6-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ և ռուսական, և ուկրաինական ուժերը պատերազմի ժամանակ արդեն իսկ կիրառել են կասետային զինամթերք, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ Իրավապաշտպանները հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ը համաձայնվի Ուկրաինային մատակարարել այդպիսի զինամթերք, ապա դա «անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և կխախտի դրանց կիրառման նկատմամբ միջազգային դատապարտումը»։
Մարտի սկզբին Reuters գործակալությունը գրել էր, որ ուկրաինական իշխանություններն ԱՄՆ-ից կասետային զինամթերք են խնդրել, ինչի պարունակությունը Կիևը ցանկանում է օգտագործել ռուսական զինուժի վրա անօդաչուներով հարձակման ժամանակ։ Գործակալության տվյալներով՝ Կիևը Վաշինգտոնին խնդրել է տրամադրել МК-20 կասետային ռումբեր, որոնք սովորաբար նետվում են ինքնաթիռից։
Լուսանկարը՝ արխիվային/AP Photo/Alex Brandon, File
Մեկնաբանել