HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դիլիջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտպանը խիստ է որակում առաջադրված մեղադրանքը

«Հաղարծին» ռեստորանային համալիրի տարածքում անչափահաս տղային ծեծելու համար կալանավորված Դիլիջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը հունիսի 28-ից ազատության մեջ է: Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է նրա խափանման միջոցը:

Հիշեցնենք, հունիսի 1-ին մամուլում տարածվեց մի տեսագրություն, որտեղ երևում էր, որ Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային համալիրի տարածքում Ա. Ղայթմազյանը բռնություն է կիրառում մի տղայի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել 2023թ. ապրիլի 10-ին, ժամը 23:30-ի սահմաններում: Պարզվել էր, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի գործողություններից տուժածը եղել է նույն ռեստորանի անչափահաս աշխատակիցը: 

Արսեն Ղայթմազյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթի նյութերին ծանոթանալով՝ պարզել է, որ արարքին տրված գնահատականը չի  համապատասխանում իրականում կատարվածին: Ըստ փաստաբանի՝ առկա է իրական հակասություն: Մասնավորապես, դեպքը եղել է ապրիլի 10-ին, որից հետո քրեական հետապնդում չի հարուցվել՝ կողմերի հաշտվելու հիմքով: Դրանից հետո անչափահաս տուժողը մայիսի 2-ին գլխավոր դատախազին ուղղված հաղորդում է ներկայացրել, և վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անչափահասին ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են: Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու է հաղորդում ներկայացվել քրեական հետախուզության բաժնի պետի վերաբերյալ, երբ արդեն հաշտվել էին:

«Հատկանշականն այն է, որ տուժողը և մեղադրյալն իրար չեն ճանաչել և որևէ ձևով չի հիմնավորվում, որ Արսեն Ղայթմազյանը տեղյակ է եղել տուժողի անչափահաս լինելու մասին: Ցուցմունքներում ևս նման փաստ  չկա: Միայն այն հանգամանքը, որ անչափահաս լինելով է պայմանավորված արարքին հոդվածի երկրորդ մասով գնահատական տալը, ինչը պատիժ ու պատասխանատվություն է նախատեսում 3-7 տարի, արդեն իսկ անհիմն է»,- ասում է Վահագն Քեշիշյանը:

Փաստաբանը նշում է, որ եթե դիտորդ լիներ, կողքից կարող էր ասել, որ արարքն ավելի շատ համապատասխանում է 195-րդ հոդվածի 1-ին մասին (Ֆիզիկական ներգործություն), որը նախատեսում է կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Վահագն Քեշիշյանն ասում է, որ տուժողի արտաքին հատկանիշներն այնպիսին չեն, որ թույլ կտային ենթադրել նրա անչափահաս լինելու մասին: Բացի այդ, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ անչափահասը գիշերվա ժամերին կարող էր աշխատել ռեստորանային համալիրում:

Նրա խոսքով, վեճն առաջացել է սովորական խոսակցությունից, «մեկը մյուսին դուր չգալու հանգամանքներից»: Վ. Քեշիշյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Արսեն Ղայթմազյանն այնտեղ չի եղել որպես ոստիկանության աշխատակից, չի գործել որպես ոստիկան, այլ տարածք է այցելել որպես շարքային քաղաքացի:

Հարցին՝ մի՞թե անչափահաս լինել-չլինելը թույլ է տալիս ոստիկանության աշխատակցին բռնություն կիրառել անձի նկատմամբ, Վ. Քեշիշյանը պատասխանեց, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ղայթմազյանը զղջացել է, ներողություն է խնդրել կատարվածի համար, և ինքն անձամբ չի խրախուսում բռնությունը: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ «ապտակները հիմնական նպատակին չեն հասել», իսկ Ղայթմազյանը չի հետապնդել տղային:

Վահագն Քեշիշյանի կարծիքով, դեպքի մասին հանրային լայն արձագանքը և առանց խորն ուսումնասիրության քարկոծելը քննչական մարմնին և դատարանին այլընտրանք չթողեցին, քան համանման փաստերով գոնե մոտ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը, որպեսզի «հասարակությանը կամ աղմուկ բարձրացրած հանրությանը դուր գան»:

«Իրականությունը շուտով կպարզվի, և ես վստահ եմ, որ այս մեղադրանքը շատ շուտ կջարդվի»,-ասում է փաստաբանը:

Վահագն Քեշիշյանը նշում է, որ Արսեն Ղայթմազյանը ոստիկանության երկար տարիների աշխատակից է, նախկինում որևէ կերպ արատավորված, դատապարտված չի եղել, նման խնդիրների չի առնչվել: Պատերազմի մասնակից է, երեք անչափահաս երեխաների հայր:   

Փաստաբանի խոսքով՝երբ հանրությունն աղմուկ բարձրացրեց, անձի իրավունքը դրվեց մի կողմ, և հանրության շահը բավարարելու համար իր պաշտպանյալը հայտնվեց անազատության մեջ:

Փաստաբանի տեղեկություններով, Արսեն Ղայթմազյանի պաշտոնավարումը կասեցնելուց հետո Դիլիջան քաղաքում հանցագործությունների թիվը 60%-ով աճել է:

Հարցին՝ Ղայթմազյանի անձո՞վ է պայմանավորված հանցագործությունների թիվը, Վ. Քեշիշյանը դրական պատասխան է տալիս՝ հավելելով, որ Արսեն Ղայթմազյանը բոլորի կողմից հարգանք վայելող անձնավորություն է:

«Հասարակությունը քարկոծում է, Արսեն Ղայթմազյանի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուր մարդ և իրեն դատեն մի արարքի համար, որն իրականում չի արել, հետևաբար ժամանակից շուտ անձին քարկոծելու մտքից ժողովուրդը պետք է հեռու մնա»,-հավելում է փաստաբան Քեշիշյանը եւ հորդորում առանց իրականությունն իմանալու անձին չքարկոծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter