HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը։ Ըստ նորվեգացի պաշտոնյայի՝ այդ կառույցը կդառնա «ճգնաժամային խորհրդակցությունների և որոշումների ընդունման համար հարթակ», որի մասնակիցները հավասար հիմունքներով կմասնակցեն անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը։ 

Թե գագաթնաժողովի ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ կարվեն Ուկրաինային, որը ձգտում է դառնալ այդ Դաշինքի անդամ, Սթոլթենբերգը չի մանրամասնել։ 

Հունիսի վերջին Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Վիլնյուսում չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Դաշինքի անդամ երկրների առաջնորդները «ցուցաբերեն արիության պակաս» և չպատասխանեն անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի հայտին։ Նա նշել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ երկիրը չի կարող անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի դեռ պատերազմ է ընթանում, սակայն խնդրում են սկսել անդամակցության գործընթաց։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի սկզբին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում էլ նշել էր, որ իմաստ չկա, որ Ուկրաինան Վիլնյուսում մասնակցի գագաթնաժողովին, եթե իրենց «ազդանշան չտան» Դաշինքին անդամակցության վերաբերյալ։

Սակայն, ինչպես գրում է The Washighton Post-ը,Դաշինքի բազմաթիվ անդամներ պատրաստ չեն նույնիսկ քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, քանի դեռ այդ երկիրը պատերազմական իրավիճակում է։ Այսպես, ԱՄՆ նախագահը, որը մեծ ազդեցություն ունի ՆԱՏՕ-ում որոշումների կայացման վրա, հետևողականորեն խոսում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին, սակայն չի նշում Դաշինքի կազմում այդ երկրի ներառման հեռանկարների մասին։ Ինչպես նշում է պարբերականը, Ուկրաինան նաև դեռ երկար ճանապարհ ունի իր բանակում բարեփոխումներ անցկացնելու համար։

Լուսանկարը՝ արխիվային/ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter