HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հրազդանի ճանապարհի նորոգումը կվերսկսի․ նախորդ շինարարը «սև ցուցակում» է հայտնվել

Երևան-Սևան մայրուղուց դեպի Հրազդան, ապա Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները կվերսկսեն։ «Հետք»-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացավ, որ կապալառու կազմակերպությունը փոխվել է, իսկ նախորդ շինարարին ներառել են գնումների մասնակցության իրավունք չունեցողների «սև ցուցակում»։

Ծաղկաձորի մարզահամալիրից մինչև Սևանի մայրուղի հասնող հանրապետական նշանակության 10.5 կմ ճանապարհը նորոգելու մրցույթում նախորդ տարի հաղթել էր ռուսական «Գլավդորստրոյ» ընկերությունը։ Ըստ պայմանագրի՝ ճանապարհը պետք է նորոգվեր 900 միլիոն դրամով։ Մրցույթին մասնակցել էր ևս 5 ընկերություն, որոնցից ցածր գինն առաջարկելով՝ հաղթել էր ռուսական ընկերությունը։ Հաղթող ճանաչվելուց հետո ճանապարհի ասֆալտի շերտը ֆրեզավորվել էր, որից հետո նոյեմբերին շինարարը հրաժարվել էր մնացած աշխատանքները կատարելուց։ Տարածքային կառավարման նախարարությունն էլ որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը և «Գլավդորստրոյ» ընկերությանը ներառել է «սև ցուցակում»։

Տարածքային կառավարման նախարարությունն այս տարվա ապրիլի նոր մրցույթ է անցկացրել, որում հաղթել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը ճանապարհը կնորոգի 1 միլիարդ 200 միլիոն դրամով։ Կառավարությունն էլ նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ ֆինասական հատկացումն է կատարել։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ այժմ համաձայնագիր է կնքվում «Շինպլյուս» ընկերության հետ։

Ճանապարհաշինական նմանօրինակ մի պատմություն էլ Վանաձոր քաղաքում է։ Նույն «Գլավդորստրոյ» ընկերությունը նախորդ տարի հաղթող էր ճանաչվել Վանաձորի Դեմիրճյան փողոցը նորոգելու մրցույթում, բայց Հրազդանի ճանապարհի նման ասֆալտը ֆրեզավորել էր ու այդպես թողել։ Վանաձորում նույնպես շինարարի փոփոխություն է տեղի ունեցել, իսկ նորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter