Երևանում կստեղծվի ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն
Երևանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելուն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով առողջապահության ոլորտում քաղաքապետարանի մոտեցումներն ու ծրագրերը' քաղաքապետն ընդգծել է համակարգի արդիականացման, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հարցում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը. «Մեր նպատակը ոչ թե սեփականաշնորհումն է, այլ համապատասխան ներդրումներով և աշխարհի առաջատար կլինիկաների մասնակցությամբ համատեղ կառավարման միջոցով լավագույն արդյունքի հասնելըե,– նշել է Կարեն Կարապետյանը' ավելացնելով, որ քաղաքապետարանը, իր լիազորությունների շրջանակներում, պատրաստ է ըստ ամենայնի աջակցել և օժանդակել նման ծրագրերի իրականացմանը:
Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ջոն Քրստոֆը քաղաքապետին է ներկայացրել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները' շեշտելով, որ Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնն այսօր լավագույններից մեկն է ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական ողջ տարածաշրջանում:
Հայստանում իրենց կենտրոնն ունենալու գաղափարին, ինչպես նշել է Ջոն Քրիստոֆը, նպաստել է նաև փաստը, որ Գերմանիայում իրենց դիմող հիվանդների թվում քիչ չեն հայաստանցիները. «Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է բուժումը տեղում կազմակերպելը»,– նշել է պրոֆեսորը' ավելացնելով, որ Երևանում ստեղծվելիք կենտրոնը ոչնչով չի զիջի Հայդելբերգի կլինիկային:
Ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման երեք փուլից բաղկացած ծրագիրը նախապատրաստական և բիզնես բաղադրիչներից բացի, նախատեսում է նաև հայ մասնագետների վերապատրաստում Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել