HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիտալի Բալասանյանը սկսել է նախագահական քարոզարշավը

Զարգացած կրթական համակարգ-օրինապահություն-համաչափ զարգացում

Իր նախընտրական արշավն է սկսել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Առաջին օրը նաև խորհրդանշական բնույթ ուներ: Համալսարան-ոստիկանություն-ազատագրված տարածք և արցախյան գյուղ երթուղին ցույց է տալիս Վիտալի Բալասանյանի ծրագրի առաջնահերթությունները` զարգացած կրթություն և գիտություն, օրինապահություն, Արցախի վերբնակեցում, գյուղի զարգացում:

 Իր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն տվեց Արցախի պետական համալսարանից: Արցախյան պատերազմում զոհված ուսանողների և դասախոսների հուշարձանին ծաղիկ դնելուց հետո Վիտալի Բալասանյանը ԱրՊՀ մեծ դահլիճում հավաքված համալսարանականներին ներկայացրեց կրթության ու գիտության մասին ծրագրային դրույթները, ինչպես նաև պատասխանեց նրանց հարցերին: Նախընտրական ծրագրի մեջ կրթության և գիտության վերաբերյալ դրույթներ ներառելիս հիմնականում հաշվի են առնվել հայաստանյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների առաջարկները:

Ոստիկանության ծառայողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ թեև ոստիկանները համարվում են համեմամտաբար բարձր վարձատրվող ծառայողներ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ աշխատավարձը բավարար չէ նորմալ կենսակերպի համար և չի համապատասխանում ոստիկանական ծառայության ռիսկայնությանը և կարևորությանը: Հանդիպումն ավելի շատ ընթացավ հարցուպատասխանի ձևով: Պատասխանելով ոստիկաններից մեկի հարցին` Վ.Բալասանյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորմանն ու Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքին` նշելով, որ անտարբեր ենք դարձել մահերի նկատմամբ և անթույլատրելի համարեց ներկա վիճակը:

«Պետք է է վերանայել մարտական հերթապահության վարման ձևը, լուրջ փոփոխություններ մտցնել այդ ծառայությունում, քանի որ կիրառվող մոդելը շատ շուտվանից իրեն չի արդարացնում»,- նշեց նա` հավելելով, որ անթույլատրելի է նման բարձր խոցելիություն ունենալը, որ հարկավոր է սահմանն ապահովել ժամանակակից ինժեներական կառույցներով և իջեցնել հայ զինվորի խոցելիության աստիճանը:

Հաջորդ հանդիպումը Ուղտասար համայնքում էր: 1993թ. հուլիսին ազատագրված գյուղում այսօր չորս տասնյակի չափ ընտանիք է ապրում: Հանդիպումները շարունակվեցին Խրամորթ, Փառուխ, Արմենակավան, Նախիջևանիկ, Վարդաձոր գյուղերի բնակիչների հետ: Հանդիպումներն ընթանում էին անմիջական մթնոլորտում, քանզի այս գյուղերի պաշտպանության/ազատագրության գործողություններն իրականացրել էին Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները, նախագահի թեկնածուն էլ անձամբ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վ. Բալասանյանը ներկայացրեց գյուղական ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը, շրջանների համաչափ զարգացմանը վերաբերվող ծրագրային դրույթները, պատասխանեց հարցերին:

Հունիսի 21-ին հանդիպումները կշարունակվեն Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և հիմնարկներում: Այս մասին հայտնում է Վ. Բալասանյանի նախընտրական շտաբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter