
Նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ 33 խցի կալանավոր Արման Դավթյանից
Հարգելի խմբագրություն, շատ եմ խնդրում Ձեզ, որ անպայման իմ նամակը տպագրեք: Դիմում եմ Ձեզ, քանզի անզոր եմ այլապես պայքարել մեր իսկ ընտրած Ազգային ժողովի և Սահմանադրության, օրենքների և իբր պահապանների ու կատարածուների դեմ նույնիսկ օրենքով, բազմիցս անգամ դիմել եմ տարբեր ատյաններին: Դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ՄԻՊ Կ. Անդրեասյանին, ոստիկանապետին, Ազգային անվտանգության պետին, Հելսինկյան կոմիտեի նախագահին, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի նախագահին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին, Հատուկ քննչական ծառայության պետին, վերաքննիչ դատարանին և այլոց, սակայն մինչև այսօր ոչ մի դրական պատասխան չեմ ստացել՝ նախաքննական մարմինների՝ իմ նկատմամբ ծավալված ապօրինության մասին:
Սակայն երևի ընդունված ծես է սխալները շտկելու և անմեղին արդարացնելու փոխարեն, էլ ավելի ստոր քայլերի են դիմում միայն թե զրպարտեն ու դատապարտեն, և դրա շնորհիվ չբացահայտված գործեր բարդեն անմեղ մարդու վրա՝ բացահայտման ցուցանիշները ավելացնելու համար:
2011թ.-ի հունիսի 13-ի լույս 14-ին, առավոտյան ժամը 6-ին Մաշտոցի ՆԳ-ի բաժնի ոստիկանները խուժանի պես ներխուժեցին իմ ու կնոջս՝ Սոնա Մկրտչյանի վարձակալած բնակարան: Նրանք չեն եղել ոստիկանի համազգեստով, չեն ներկայացրել ոչ մի վկայական և թե ինչում են ինձ մեղադրում: Այդ ժամանակ մեր տանն էր գտնվում իմ ընկեր Արտուր Մանուկյանը, բոլորիս բջջային հեռախոսները խլեցին՝ թույլ չտալով զանգենք ծնողներիս, և գազանաբար բոլորիս բերման ենթարկեցին Մաշտոցի ՆԳ բաժին:
Ինձ ծեծի ենթարկելով՝ ոտքով և ձեռքով ստիպում էին, որպեսզի իմ չարած գողությունն ասեմ՝ ես եմ արել: Օպեր Արմանը պարկետով հարվածեց և կոտրեց ձախ ձեռքիս մատները և ճկույտիս եղունգը, որը մինչև այժմ չի գալիս: Երբ բղավեցի ձեռքս կոտրվեց, իրենք էլ տեսան, քանի որ արյուն էր գալիս, այլևս չհարվածեցին և սկսեցին իրենց չարագործ գործը շարունակել էլէկտրաշոկով հոսանք տալ մեջքիցս, որի հետևանքով այրվել էր մեջքս, կա դատաբժշկի եզրակացությունը:
Այդ ոստիկանի կերպարի տակ թաքնված հրեշները, խոշտանգելով կնոջս և ընկերոջս, ցուցմունքներ են բռնի ուժով կորզում՝ իբր ես, Արտուրը և ոմն Արմենը գողություններ ենք կատարել և գողացած ապրանքները տվել ենք Սոնային, որպեսզի տանի վաճառի: Քրեականի պետ Արտուր Գևորգյանը, այս սուտ գրած ցուցմունքները ձեռքին, եկավ ինձ մոտ, ցույց տալով ասաց՝ «սա բավարար է քեզ և մյուսներին դատելու համար»: Սակայն ես չհավատացի, որ Սոնան և Արտուրն են գրել, իսկ քրեականի պետ Գևորգյանը Սոնային ստիպում էր, որպեսզի գա, կանգնի դիմացս և ասի, որ ինքն է գրել: Սոնան լացում էր և չէր գալիս: Ես այլևս չէի դիմանում թե՛ մարմնական ցավին և թե՛ հոգեկան, չէ որ խոշտանգում էին կնոջս, անգամ պատրաստ էի սպանություն հանձն առնել, միայն կնոջս չխոշտանգեին և բաց թողնեին:
Ստիպված քրեականի պետ Ա. Գևորգյանին ասացի, որ հանգիստ թողնի Սոնային և ասի, թե ինչ պետք է անեմ, որպեսզի բաց թողնի կնոջս և ընկերոջս: Գևորգյանն ինձ ասաց՝ «Արտուր Մանուկյանի գրած գողությունները կգրես դու ես արել և մի քանի հատ էլ բնակարանի գողություններ, բոլորին բաց կթողնենք»:
Սրբիչ թրջեցին, տվեցին, դրեցի ձեռքիս, մի երկու հատ էլ ցավազրկող դեղահաբ տվեցին, խմեցի: Ես համաձայնեցի քրեականի պետ Գևորգյանի առաջարկի հետ և գրեցի, որ գողություններ եմ արել իմ ընկեր Գարիկի հետ, սակայն իրականում ես Գարիկ անունով ընկեր և ծանոթ չունեմ: Մեկ օր բոլորիս պահեցին ոստիկանությունում, օպերների տարբեր սենյակներում: Նշեմ նաև, որ այդ օրը առավոտյան 17-րդ թաղամասում բնակվող իմ ընկեր Արման Սարգսյանին և Արմանի ընկեր Սամվել Ավագյանին էլ էին բերման ենթարկել:
Քրեականի պետ Գևորգյանի գլխավորությամբ օպերները ինձ տարան և ցույց տվեցին գողություններ կատարված բնակարանների հասցեները և ասացին որտեղից ինչ է գողացել, որպեսզի քննչական փորձարարության ժամանակ մատնացույց անեմ: Հունիսի 15-ին ժամը 15-ի մոտ, քրեականի պետը մեզ բոլորիս հավաքեց իրեն սենյակում, ասաց՝ «հենց հիմա Սոնային, Արտուրին և Սամվելին բաց եմ թողնում, Արման Սարգսյանին երկու օրից բաց կթողնենք» և ինձ ասաց, որ «Արման Սարգսյանը գրել է, որ միասին թվով 9 հատ գողություններ եք կատարել, պետք է համաձայն լինես Արման Սարգսյանի դրած գողությունների հետ, թե չէ ոչ մեկին բաց չեմ թողնի, նաև քննիչի մոտ պետք է գրես, որ ձեռքդ 4 օր առաջ է կոտրվել», ու բոլորին զգուշացրեց, որ եթե այս մասին մեկին պատմեն սաղիս կդատի:
Ընդհանուր գողությունների քանակը դարձավ 16 հատ, անգամ չունենալով ոչ մի իրեղեն ապացույց, քրեականի պետ Գևորգյանը ընկերոջս Արտուրին գողացված ա/մ-ի բարձրախոսներ է տալիս, որպեսզի տանի իմ տանը պահի, խուզարկության ժամանակ հայտնաբերեն: Հունիսի 15-ին բոլորին բաց թողեցին, ինձ էլ խոստացան 177-րդ հոդվածի 2-րդ մասով կուղարկեն մեկուսարան, քանի որ գողությունները համաներումից առաջ են կատարվել, դատարանին կմիջնորդեն երեք տարի կդատապարտի և դատարանի դահլիճից բաց կթողնի: Այդ օրը երեկոյան մայրս և Սոնան եկան ինձ տեսնելու, ցավազրկող դեղահաբ և վիրակապ էին բերել, սակայն քրեականի պետը չթողեց վիրակապով ձեռքս կապեմ, որ ՀԱՊՎ-ում չնկատեն և պարտադրեց ամեն կերպ թաքցնեմ, որպեսզի չնկատեն: Վերջապես հասա մեկուսարան և որոշ ժամանակ անց հայտարարեցի հացադուլ և դիմում-բողոք գրեցի գլխավոր դատախազին՝ պատմելով ողջ գործի ճշմարտությունը:
Մաշտոցի ՆԳ.-ի բաժնի աշխատակիցները մինչև հիմա տարբեր առաջարկներով համոզում են ինձ, որպեսզի հետ վերցնեմ դիմում-բողոքներս: Այսքան դիմում-բողոքներ գրելուց ես միայն հասկացա, որ ոստիկանները ինչ էլ անեն, միևնույն է իրենք օրենքի առջև պատասխան չունեն տալու, իսկ թե ում համար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշվում՝ «բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև», ես կարող եմ ասել, որ միայն ոչ ոստիկանների: |
Այսքանից հետո շատ-շատ շնորհակալ եմ Աստծուց, որ գործս քննում է դատավոր պարոն Վ. Ռշտունին, որի մասին բազմիցս անգամ լսել եմ, որ օրենքի արդարության կողմնակից է. կկարողանամ բացահայտել գործի իրականությունը:
Նախկինում դատապարտվել եմ 4 անգամ: Վերջին անգամ մեկ հատ փամփուշտի համար դատապարտվեցի 4 տարի 3 ամիս ազատազրկմամբ և առանց հերքելու կրեցի ինձ սահմանված պատիժը: Մի՞թե իմ անցյալը՝ այն, որ ես սխալներ եմ թույլ տվել, պատճառ են հանդիսանում պարտակելու իմ կյանքը, թույլ չեն տալու զգալու ընտանիքի ջերմությունն ու երջանկությունը:
Ես իմ սխալների համար վարձահատույց եմ եղել կյանքիս՝ երիտասարդությանս լավագույն տարիները բերդում ու գաղութներում անցկացնելով: Իսկ այժմ ինձ դրսում մնացել է սպասող միայն հիվանդ մայրս, չեմ ցանկանում ուրիշի գործած հանցանքների համար կորցնել մորս՝ գտնվելով բանտում: Նշեմ նաև, որ ունեմ բավականին անհերքելի ապացույցներ իմ անմեղության վերաբերյալ, որոնք պատրաստ եմ դատարանում ի հայտ հանելու:
Հարգելի խմբագրություն, խնդրում եմ Ձեզ աջակցեք և օգնեք ինձ վերականգնելու արդարույթունը և օրենքի ուժը, մի՞թե ես իրավունք չունեմ հույս դնելու օրենքի արդարությանը:
Հարգանքով՝ Արման Վահանի Դավթյան
ՀՀ ԱՆ «Նուբարաշենի» ՔԿ հիմնարկի 33 խցի կալանավոր
13.06.2012թ.
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել