
Ուկրաինայում մեկնարկել է Bayraktar անօդաչուների արտադրության գործարանի կառուցումը
Ուկրաինայում մեկնարկել է Bayraktar անօդաչուների արտադրության գործարանի կառուցումը։ Այդ մասին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը։
«Խոսքը Ուկրաինայի տարածքում արտադրության մասին է։ Դա «Bayraktar»-ի հենց այն մեծ գործարանն է, որի մասին դեռ մի քանի տարի առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Գործարանը սկսել են կառուցել գործնականում, այլ ոչ՝ հուշագրերում։ Մենք անցել ենք իրական քայլերի»,- նշել է նախարարը։
Ավելի վաղ Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ գործարանը նախատեսվում է բացել 2025 թվականին։ Այնտեղ կարտադրվեն Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ։
Նախորդ տարի թուրքական Baykar ընկերությունը, որը զբաղվում է հենց այդ անօդաչուների արտադրությամբ, հայտարարել էր, որ երբեք իր անօդաչուները չի վաճառի Ռուսաստանին։
Դրանից հետո Baykar-ը Ուկրաինայում հողատարածք էր ձեռք բերել և իրավաբանական անձ գրանցել՝ անօդաչուների արտադրության գործարանի կառուցման համար։
Լուսանկարը՝ արխիվային/Daily Sabah-ից
Մեկնաբանել