
Պեսկովը հաստատել է, որ Պուտինը ապստամբությունից հետո հանդիպել է Պրիգոժինին
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ապստամբությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել այդ ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել է ընկերության 35 հրամանատար և ղեկավար, ներառյալ՝ Պրիգոժինը։ Այն տեղի է ունեցել զինված ապստամբությունից մի քանի օր անց՝ հունիսի 29-ին, և տևել 3 ժամ։ Ինչպես նշում է Պեսկովը, Վլադիմիր Պուտինը «գնահատական է տվել» ապստամբությանը և Ուկրաինայում պատերազմի ընթացիկ փուլին։
«Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի տեղավորման և մարտական կիրառման հետագա տարբերակներ: Հրամանատարները շարադրել են նաև տեղի ունեցածի սեփական վարկածը։ Նրանք շեշտադրումը դրել են այն հանգամանքի վրա, որ հանդիսանում են պետության ղեկավարի համոզված աջակիցներն ու զինվորները»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ֆրանսիական Liberation թերթը, հղում անելով արևմտյան հետախուզության իր աղբյուրներին, հայտնել էր հուլիսի 1-ին Կրեմլում Պուտինի և Պրիգոժինի հանդիպման մասին։ Ինչպես պնդում են լրագրողները, հանդիպմանը մասնակցել են նաև Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը և Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Կոլաժը՝ The Hill-ից
Մեկնաբանել