HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հաստատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձի ժամանակ հաստատել է, որ Վիլնյուսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ 

«Վիլնյուսում նախատեսված են տարբեր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ Եվրոպայի երկրներ, Ամերիկա, Կանադա, Ճապոնիա։ Մեզ համար առաջնահերթություններն ակնհայտ են. մեր քաղաքների համար հակաօդային պաշտպանություն։ Դա զենք է նաև ռազմաճակատի համար։ Վիլնյուսում կլինեն բանակցություններ նաև այլ ասպեկտների շուրջ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ հույս ունի Դաշինքի անդամ երկրներից ստանալ իր երկրի անդամակցության վերաբերյալ հստակ ազդակ։

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 12-ին կժամանի Վիլնյուս՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ընդ որում, Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հրաժարվել էր մեկնաբանել պարբերականի այս տեղեկությունը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ևս հաստատել էր Վիլնյուսում Հյուսիսատլանտյան Դաշինքի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ Զելենսկին կմասնակցի «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին հանդիպմանը։ 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան չի ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր, սակայն Կիևին հստակ ազդակ կուղարկվի այն մասին, որ «Դաշինքի դռները բաց են մնում»։ Նորվեգացի պաշտոնյան նաև նշել էր, որ ՆԱՏՕ-ն կընդունի Ուկրաինային ռազմական աջակցության բազմամյա ծրագիր, որը կիրագործվի անկախ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել էր, որ քննարկումներից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են չեղարկել Դաշինքին անդամակցության ճանապարհին Ուկրաինայի համար անդամակցության գործողությունների պլանը, ինչը նշանակում է, որ Կիևը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել հեշտացված կարգով։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter