HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինտերնետն ու կառավարման թափանցիկությունը Տավուշում

Ինտերնետը վերափոխել է աշխարհը, տասնյակ հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու գտնվողները օնլայն համաժողովներ են անում, սոցիալական ցանցերում տեղեկատվության  արագ փոխանակման միջոցով արաբական աշխարհը հեղափոխությամբ է բռնկվել:

Հայաստանում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման գերակա ուղղություն է հռչակված, բայց մեկ է` ինտերնետի տարածվածության եւ արագագործության առումներով մեր երկիրն անհուսորեն ետ է մնում: Մինչդեռ ինտերնետը ոչ միայն կապի, հաղորդակցության, այլեւ կառավարման թափանցիկության արդյունավետ գործիք կարող է եւ պետք է լիներ: Ինչպես շատ բնագավառներում, այս դեպքում եւս մարզերում իրավիճակն ավել է վատ է:

Մարտի 22-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության եւ այլ հարցեր: Նիստի ընթացքում պարզվեց, որ մեծամասամբ մարզի համայնքապետարաններում օրենսդրական նոր փոփոխություններին, այս կամ այն խնդրի վերաբերյալ Կառավարության ընդունած որոշումներին անտեղյակ են, մարզպետարան-համայնքապետարաններ տեղեկատվության փոխանակումը դանդաղ է կատարվում:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ օպերատիվ կարգով համայնքներից մարզպետարան տարբեր  հաշվետվություններ ներկայացնելու, մարզպետարանից համայնքներ օրենքների փոփոխությունների, Կառավարության որոշումների վերաբերյալ տեղեկատվություն  ուղարկելու համար հարկավոր է օգտագործել էլեկտրոնային կապը: Մինչդեռ մարզի 62 համայնքապետարաններից ներկայումս միայն 22-ն ունի էլեկտրոնային փոստի հասցե:

Մարզպետը մարզպետարանի տարածքային կառավարման եւ ֆինանսատնտեսական վարչությունների պետեր Միշա Մխիթարյանին եւ Ռոբերտ Նազարյանին հանձնարարեց համայնքապետարանների հետ աշխատանք տանել` համայնքապետարաններում ինտերնետի տարածվածության ոլորտում  մեծ բացը շտկելու համար:

Փաստորեն, Տավուշի մարզի 62 գյուղերից 35-ում համայնքապետարաններն էլեկտրոնային փոստ չունեն: Նոյեմբերյանի կամ Բերդի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ բնակավայրից գյուղապետը կամ համայնքապետարանի մեկ այլ աշխատող ստիպված է մոտ 100 կմ կտրել Իջեւան` մարզպետարան հասնելու համար, որպեսզի ինչ-որ հաշվետվություն հանձնի կամ Կառավարության նոր որոշման օրինակը ստանա: Մեր տվյալներով` մարզի բոլոր համայնքապետարաններն առնվազն մեկ համակարգիչ ունեն:

Դժվար չէ կապի որեւէ ծառայության միջոցով ինտերնետ կապ ստանալ եւ օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից: Ո՞վ պետք է այս հարցում համայնքապետերի նկատմամբ պահանջատեր լինի, եթե ոչ մարզպետն ու մարզպետարանը: Սակայն մարզպետարանում էլ այս առումով  վիճակը բարվոք չէ: Շատ եմ տեսել, որ Տավուշի մարզպետարանի որոշ աշխատողներ համակարգիչն օգտագործում են ՙշարիկ գլորելու՚, զանազան  խաղերի համար:

Գործում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Տավուշի մարզպետարանի բաժինը (tavush.region. am/egov/dispatcher): Կայքի այդ բաժինը ամիսներով չէր բացվում, մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ասում էին, թե տեխնիկական խնդիր կա: Հիմա, կարծես թե, այդ հարցը լուծվել է:

Սակայն  այդ բաժինը մեծ ուշացումներով  է թարմացվում: Այն չի ներկայացնում մարզի կյանքը` իր բոլոր բնագավառներով: Այդտեղ հիմնականում տեղ են գտնում մարզպետի այցերի կամ նրա կողմից ընդունելությունների մասին ընդհանուր, քիչ բան ասող տեղեկությունները, մարզպետի կամ Կառավարության անդամների տավուշյան այցերի մասին հակիրճ լուրեր:

Գյուղնախարարության միջոցով մարզ կարտոֆիլի եւ գարու սերմացու է ներկրվում: Դրանց վերաբերյալ գյուղերում կիսատ-պռատ կամ ուշ են իմանում: Ի՞նչ արժե սերմացուն, ո՞վ պետք է հոգա Երեւանից կամ մարզկենտրոնից համայնքներ տեղափոխման ծախսերը: Գյուղացին սրանից անտեղյակ է, իսկ հողն արդեն «շնչում է», ցանքն  իր ժամանակն ունի: Համայնքների բնակիչները կարիք ունեն այս մասին տեղեկատվության, որը կարող էր հրապարակել միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ ստեղծված ինտերնետային կայքը:

Կայքի  Տավուշի մարզպետարանի բաժնում կա «հայտարարություններ» խորագիրը, որի մասին գրված է. «Այս բաժինը ընձեռում է քաղաքացիներին, ձեռնարկատերերին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին, այլ շահագրգիռ անձանց ցանցի օգնությամբ օգտվելու հայտարարությունների (կորստյան, աճուրդի, վարձակալության) տեղադրման հնարավորությունից»:

«Հայտարարություններ» խորագրի ներքո միայն մարզպետարանի մի հայտարարություն կա, որն այնտեղ տեղադրվել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին եւ վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթածների ապահովագրական ստաժն ապահովելու, այդ նպատակով համայնքներում բնակվող փախստականներից դիմումների հավաքագրմանն աջակցելուն:

Փաստորեն, 2009 թ. սեպտեմբերից մինչեւ հիմա այլ հայտարարություն չի՞ տրվել: Մինչդեռ տավուշցիները լիարժեք տեղեկատվություն չունեն մարզում իրականացվող աջակցության ծրագրերի, դրանց միջոցով տարբեր օգնությունների հատկացման պայմանների մասին:

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի աջակցությամբ ապրիլի 2-ին Խաշթառակում ցեղական կովեր, իսկ ապրիլի 5-ին Լուսաձորում պտղատու ծառերի տնկիներ են բաժանվել: Երկու դեպքում էլ գյուղացիները տեղյակ չեն եղել օգնության տրամադրման պայմաններին, որի պատճառով վեճեր են ծագել:

Մինչդեռ օգնության բաշխման պայմանների մասին տեղեկատվությունը կարող էր տեղադրվել վերոհիշյալ բաժնում: Վերոհիշալ ինտերնետային  բաժինը, թեեւ բավական ուշացումով` մարտի 16-ին, լուր էր հաղորդել, որ  մարտի 4-ին մարզպետ Ղուլարյանը եւ Օ դը Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով ֆրանսիական այդ դեպարտամենտը եւ Տավուշի մարզպետարանը համաձայնել են համագործակցել` հանուն Տավուշի մարզի տնտեսական եւ սոցիալական զարգացման:

Ինտերնետը որպես թափանցիկ կառավարման գործիք Տավուշի մարզում անարդյունավետ է օգտագործվում: Այդ խնդիրն առկա է նաեւ համայնքապետարանների պարագայում: Սակայն Տավուշի մարզպետը գյուղապետերին էլ. փոստից եւ ինտերնետից օգտվելու վերաբերյալ արդարացի պահանջներ ներկայացնելու հետ մեկտեղ, պետք է նաեւ մարզպետարանի աշխատակազմից պահանջեր ինտերնետն օգտագործել որպես թափանցիկ կառավարման միջոց: 2010 թ. Կառավարությունը ամենաշատ միավոր տվել եւ լավագույն մարզպետ է ճանաչել Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին: Եւ չափորոշիչներից մեկը աշխատանքի թափանցիկությունն էր:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter