HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Թովմասյանը հեռացվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Զեկուցող Հովիկ Աղազարյանի տեղեկացմամբ Թագուհի Թովմասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է 12.08.2021 թվականին: Նա ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր է:

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագիծը ներկայացնելու պատճառներն ու հանգամանքները: Նշվել է, որ Թագուհի Թովմասյանը  8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում կայացած ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները, ինչը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

««Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի՝ ԱԺ խորհուրդն ԱԺ մարմիններից մեկն է: Չմասնակցելով ԱԺ խորհրդի աշխատանքներին՝ Թագուհի Թովմասյանը չի կատարել նաեւ ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր գործընթացը: Այսպիսով, Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետեւողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք եւ բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից»,- ասել է նա:

Նշվել է, որ Թագուհի Թովմասյանը, լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման եւ ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը:

Հովիկ Աղազարյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ չունի իր կողմից առաջադրելու հանձնաժողովի նախագահ, եթե ԱԺ-ն ընդունի ԱԺ որոշման նախագիծը: «Ըստ քվոտայի՝ այդ տեղը պատկանում է մեր ընդդիմադիր խմբակցություններին, եւ, հետեւաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստակամ է դիտարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն»:

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանը:

Հարցի առնչությամբ զեկուցողին հարցեր չեն տրվել, ելույթներ նույնպես չեն եղել:

ՍԺ լրատվականի փոխանցմամբ՝ գաղտնի քվեարկությանն ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 64-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 1: Որոշումն ընդունվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter