
Ֆրանսիան որոշել է Ուկրաինային փոխանցել Storm Shadow հրթիռներ
Ֆրանսիան որոշել է Ուկրաինային փոխանցել SCALP տեսակի հրթիռներ (ֆրանսիական անվանումը՝ Storm Shadow), որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է առնվազն 250 կիլոմետր։ Այդ մասին, ինչպես գրում է Le Monde-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրը, որն ընթանում է Վիլնյուսում։
«Ես կարծում եմ, որ այսօր մեզ համար կարևոր է Ուկրաինային աջակցության, ՆԱՏՕ-ի միասնականության մասին ազդակ ուղարկել»,- ընդգծել է նա։ Ֆրանսիան այդպիսով դարձել է երկրորդ երկիրն աշխարհում, որն Ուկրաինային կտրամադրի այդ հրթիռները։ Ավելի վաղ Storm Shadow հեռահար հրթիռները Ուկրաինային տրամադրել էր Մեծ Բրիտանիան։
Ավելի ուշ Reuters գործակալությունը հայտնել էր, որ SCALP հրթիռների մի մասն արդեն իսկ գտնվում է Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության զրուցակիցների, Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել մոտ 50 այդպիսի հրթիռ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆրանսիայի այդ որոշումն անվանել է «սխալմունք»՝ հավելելով, որ դա «ուկրաինական կողմի համար հղի է հետևանքներով, քանի որ, բնականաբար, դա մեզ կստիպի հակաքայլեր ձեռնարկել»։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք այդպիսի որոշումների նկատմամբ մեր սկզբունքային մոտեցումը։ Այդ որոշումները չեն կարող և չեն կարողանա ազդել Հատուկ ռազմական գործողության (Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման Կրեմլի կողմից կիրառվող անվանումը-խմբ.) շրջանակներում իրադարձությունների ընթացքի վրա։ Դրանք կարող են միայն բարդացնել ուկրաինական, կիևյան ռեժիմի ճակատագիրը»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Ben Stansall/AFP via Getty Images
Մեկնաբանել