HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». հայության ռազմավարական շահերը վտանգված են

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին:

Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ռազմավարական շահերը վտանգված են ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում, առաջին հերթին` Սիրիայում, որտեղ իրավիճակի հավանական վատթարացումը կարող է հանգեցնել հայերի զանգվածային տեղահանության և արտագաղթի:  

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի մեջ հայության կենսական շահերի առավելագույն իրացումն ապահովելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է հայ ժողովրդի ձեռքում պահել Արցախյան հակամարտության լուծման բանալին, ինչի գրավականը հետևյալ գործոններն են.

-         Արցախի հայաբնակություն,

-         ազգային բանակով պաշտպանվածություն,

-         դիրքային և ռելիեֆային առումներով օպտիմալ սահմանային գծով պարփակված պաշտպանական ենթակառույցի առկայություն:

Մինչդեռ Հայրենիքի հազարամյա հողին կյանք ու շունչ հաղորդելու փոխարեն ՀՀ և ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու և դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել:

Այս անհեռանկար, պարտվողական և հայության ներուժն սպառող քաղաքականության հետևանքով ոչ միայն կասեցվել է հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բնակեցման գործընթացը, այլև տեղի է ունենում վերաբնակիչների արտագաղթ, ինչը սպառնում է ազատագրված տարածքների վերջնական հայաթափման հետևանքով հակամարտությունն ի վնաս հայության լուծելու առարկայական նախադրյալների ձևավորմամբ:

ՀՀ և ԼՂՀ վարչախմբերն իրենց քաղաքական սնանկության բացը փորձում են լրացնել Ադրբեջանական կողմի դիվերսիոն ակտերին սիմետրիկ պատասխաններ տալով, ինչն իրականում ընդամենը բանակի նվազագույն ու առօրյա պարտականությունն է և նույնիսկ հակառակորդի գործողություններից մի քանի անգամ արդյունավետ իրականացնելու պարագայում չի կարող դառնալ զսպման գործոն:

«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է և դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետևանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը: Հապաղումը հավասարազոր է հանցավոր անգործության, քանզի անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի երկրների հայկական գաղութների, առաջին հերթին՝ սիրիահայության, գործոնի կազմալուծմանը և զգալի չափով կնվազեցնի Արցախի հարցի ամբողջական հայանպաստ լուծման փաստական նախադրյալների ձևավորման ռեսուրսը:

Նման պայմաններում ընթացող Արցախի նախագահի ընտրություններում ներգրավված ժողովուրդը, բանակն ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Արցախի անկախությունը պետք է օգտագործվի բացառապես ի նպաստ Արցախը ՀՀ-ին վերամիավորման, նրա տարածքի հայացման և հայրենացման, քանզի մնացած բոլոր ճանապարհները Հայ ազատամարտիկների արյան ու Հայ ժողովրդի կրած զրկանքների ուրացում է և դավաճանություն:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ժիրայր Սեֆիլյանը, slaq.am-ում (slaq.am-ի գլխ. խմբագրի հետ) տված հարցազրույցում ,ՈՉ ՄԻ ՕՐԵՆՔ ՉԽԱԽՏՈՂ միասեռականներին Հայաստանում նույնիսկ 'վտանգ' անվանեց ու ոչ միայն հստակորեն չքննադատեց/չդատապարտեց DIY ակումբի վրա կատարված քրեական հարձակումը,այլ կարծես գոհ էր դրանից: Դրանից հետո ես «Սարդարապատին» լուրջ ՉԵՄ կարող ընդունել: Ըստ երևույթին իրենց համար Հայաստանում կան ՏԱՐԲԵՐ կաստայի Հայեր-տարբեր իրավունքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter