
Հուլիսի 15-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպում է նախատեսված
Երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում։
«Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջըթնաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Փաշինյանը հայտնեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել։
«ՀՀ դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։
Նման որոշմամբ դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ սա կարևոր նրբություն է. «Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը, հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ, այսպես կոչված, բնապահպանների ակցիա տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները ԼՂ հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին։ Հետևաբար, դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ նույնաբովանդակ որոշումների մեջ, այնուամենայնիվ, որոշակի նրբերանգային տարբերություն կա։
«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա Լաչինի միջանցքն արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով։ Հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
Ադրբեջանի «բնապահպանական ակտիվությունը», այնուամենայնիվ, շարունակվում է»,- ասաց Կառավարության ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ հիմա էլ Ադրբեջանը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։
«Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում կոնվեցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- նշեց նա։
Մեկնաբանել