HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը մեծ չափով թերակատարվում են

2021-2022 թվականներին, ի տարբերություն նախորդող երեք տարիների, Հայաստանում կապիտալ ծախսերի բարձր կատարողական (90%-ից բարձր) և ծավալներ գրանցվեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները քանիցս  բարձր ամբիոններից հայտարարեցին «աննախադեպ» կապիտալ ծախսերի մասին։ 

Սակայն, 2023 թվականի սկզբին կատարվող կապիտալ ծախսերի մասին քիչ է խոսվում։  Պատճառը, հավանաբար, այն է, որ նախորդ երկու տարիների բարձր կատարողականից հետո կապիտալ ծախսերը կրկին մեծ չափով թերակատարվում են։ 

Կապիտալ ծախսերը բյուջեից հատկացվող գումարներ են, որոնք ուղղվում են ճանապարհաշինարարությանը, դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների և պետության հոգածության ներքո գտնվող այլ հաստատությունների նորոգմանը, կառուցմանը, պաշտպանության ոլորտի ենթակառուցվածքային ծախսերին և այլն։ Դրանք ոչ միայն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը նպաստելու համար են, այլև զարկ են տալիս տնտեսական աճին։ 

Կապիտալ ծախսերի մի մասն արվում է միջազգային կազմակերպություններից ստացվող վարկերի հաշվին: 

Հինգ ամսում կիսամյակային պլանի միայն 41.8%-ն է կատարվել

«2023 թվականին բյուջեով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերը կկազմեն 548 մլրդ դրամ, որը մոտ 50%-ով ավելի է, քան 2022 թվականին ճշտված բյուջեով սահմանված ցուցանիշը»,- այս մասին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Ազգային ժողովում հայտարարել է այդ ժամանակ ֆինանսների նախարար, ներկայիս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

2023-ի բյուջեն պլանավորած կառավարության անդամները հայտարարել էին, որ կապիտալ ծախսերի էական աճ է լինելու՝ հաշվի առնելով նաև 2022-ի բարձր կատարողականը: «Կապիտալ ծախսերի ¾ մասն ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- ասել էր Տիգրան Խաչատրյանը։

Ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվությունների՝ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը, ճշտված պլանի համեմատ, թերակատարվել են 69.2%-ով։ Երեք ամսում կատարվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս, մինչդեռ եռամսյակի համար պլաավորված է եղել  98.8 մլրդ դրամ։ 

Կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակվել է նաև հաջորդող երկու ամիսներին: Ընդհանուր առմամբ, հինգ ամիսների տվյալներով (հունվար-մայիս)՝ կապիտալ ծախսերը կազմել են 92.7 միլիարդ դրամ՝ առաջին կիսամյակի համար պլանավորված 221.7 մլրդ դրամի փոխարեն։ Այլ խոսքով՝ հինգ ամսում կիսամյակային կապիտալ ծախսերը 58.2%-ով թերակատարվել են (կամ կատարվել են 41.8%-ով)։ Եվ քիչ է հավանականությունը, որ մեկ ամսում կիսամյակային ամբողջ պլանը հնարավոր կլինի կատարել։ 

Հարկ է նաև նշել, որ այս տարվա առաջին հինգ ամսում, չնայած կապիտալ ծախսերը պլանավորվածից զգալի քիչ են կատարվում, միևնույն ժամանակ, դրանք ավելի մեծ են, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Այս տարվա հունվար-մայիսին կապիտալ ծախսերը կազմել են 92.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը գերազանցում է 15.7%-ով։ 

Պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը պլանավորվածից զգալի քիչ են կատարվում

Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ կապիտալ ծախսերի կատարողականի վրա զգալի ազդեցություն է գործել պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի ցածր կատարողականը։ Այդ ծախսերը հունվար-մայիսին կազմել են 67.2 մլրդ դրամ՝ 49.2%-ով զիջելով ծրագրված ցուցանիշը:

Թե կոնկրետ ինչ շենքերի ու շինությունների գծով ծախսերը չեն կատարվել և չեն բարելավվել դրանց պայմանները, չի մանրամասնվում: Ամենայն հավանականությամբ, խոսքը զորամասերի, նոր ենթակառուցվածքների կառուցման կամ նորոգման մասին է։ Պաշտպանական ոլորտի ծախսերի մանրամասները, անվտանգության նկատառումներով, գաղտնի են պահվում։

«Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների թիմն ուսումնասիրել է կապիտալ ծախսերի 2022 թվականի կատարողականը և համեմատել 2023 թվականի առաջին ամիսների հետ։ Թիմի ղեկավար Սոնա Ղարիբյանը նշում է, որ 2022 թվականի առաջին ինն ամիսներին ևս կապիտալ ծախսերը թերակատարվել են, տարեկան ծախսերի մեծ մասն ապահովվել է վերջին եռամսյակում։ 

«Վերջին երկու ամսում է կտրուկ աճ արձանագրվել, որը պայմանավորված էր հենց ՊՆ համար նախատեսված կապիտալ ծախսերի կատարմամբ։ Շատ տարակուսելի էր մեզ համար, որ ամբողջ տարի չկատարվեց ու վերջին երկու ամսում կտրուկ աճ արձանագրվեց՝ ձմեռվա ամիսներին, հատկապես՝ շենքային պայմանների բարելավում հոդվածով ծախսերի մասով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ղարիբյանը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի գաղտնիությունը թույլ չի տալիս ամբողջական վերլուծել իրավիճակը։

Թե ինչու են այս տարվա առաջին հինգ ամիսների կապիտալ ծախսերը թերակատարվում, հատկապես՝ պաշտպանության ոլորտում, հայտնի չէ։ «Լույս» հիմնադրամի տնտեսական թիմը կապիտալ ծախսերի կառավարման արդյունավետությունը ոչ բավարար է գնահատում եւ արձանագրում՝ կառավարման խնդիր կա։ 

Կհասցնի՞ կառավարությունը մինչև տարեվերջ կապիտալ ծախսերի պլանն ամբողջությամբ կատարել

Հաշվի առնելով 2022 թվականի դինամիկան, երբ կապիտալ ծախսերի մեծ մասը կատարվել էր տարվա վերջին ամիսներին, չի բացառվում, որ այս տարի ևս նման իրավիճակ լինի։ Այսինքն՝ կապիտալ ծախսերի առյուծի բաժինը կատարվի տարեվերջին։ 

Այստեղ ևս մեկ տարբերակ կա՝ հնարավոր է, որ կապիտալ ծախսերի ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվեն ավելի վաղ, սակայն դրանց փաստաթղթավորման ժամանակահատվածը ավելի ուշ գրանցվի։  

Սակայն, ըստ Սոնա Ղարիբյանի, առայժմ նման պնդումների հիմքեր չկան, քանի որ խոսքը մեծ ծավալի թերակատարման մասին է և հավանականությունը մեծ չէ, որ մինչև տարեվերջ կառավարությունը կհասնի սահմանված նշաձողին։ 

«Կապիտալ ծախսերի կատարումն այսօր մեր տնտեսության համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տնտեսությունն այսօր աճում է արտաքին գործոնների՝ արտաքին կապիտալի և մարդկային ներհոսքի հաշվին։ Դա ժամանակավոր է։ Որպեսզի այդ հոսքի դադարից հետո առաջացող ռիսկերը մեր տնտեսության համար կանխենք, մենք պետք է առաջին հերթին կապիտալ ծախսերը կատարենք, ենթակառուցվածքները զարգացնենք»,- ասում է  Սոնա Ղարիբյանը։

Կապիտալ ծախսերի թերակատարումը «խառնում է» պետական պարտքի վերաբերյալ ծրագրերը, քանի որ այդ ծախսերի մի մասը կատարվում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերով։ Դրանց թերակատարմամբ կամ հետաձգմամբ, վարկերից չօգտվելու պարագայում կառավարությունը ստիպված կլինի տույժեր վճարել վարկատուներին։

Կապիտալ ծախսերի ամենամեծ ծավալը գրանցվել է 2022 թվականին

2018-2020 թվականներին Հայաստանում կապիտալ ծախսերը պլանավորվածից բավականին քիչ են կատարվել։ Այդ տարիների ամենացածր կատարողականը գրանցվել է 2019 թվականին՝ 73.5%: 

Այս ինֆոգրաֆիկայում կապիտալ ծախսերի դինամիկան է։ Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունների հիման վրա հավաքագրել ենք կապիտալ ծախսերի ծավալները և թե որքանով են դրանք համապատասխանել պլանավորվածին (կատարողականը): Քանի որ բյուջեի պլանը տարվա ընթացքում, կախված երկրում տիրող սոցիալ-տնտեսական և մնացած զարգացումներից, երբեմն փոփոխվում է, հետևաբար փոխվում են նաև կապիտալ ծախսերի պլանները։ Կատարողականը հասկանալու համար համեմատությունն արվել է ճշտված պլանի նկատմամբ։

Եթե շարունակենք դիտարկել կապիտալ ծախսերի տասը տարվա պատկերը ըստ կատարողանի, ապա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին: Նշված տարում ճշտված պլանից ավելի շատ կապիտալ ծախս է կատարվել: Կատարողականը՝ 101.7%:

Ինչ վերաբերում է  կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշներին, ապա տարեկան ամենաբարձր ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 389.1 մլրդ դրամ, կատարողականը՝ 94.9%: Իսկ ամենացածր ծավալը՝ 2013 թվականին (129.1 մլրդ դրամ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter