
Ալիևը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Բաքվում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գալանտը Ադրբեջանի նախագահին է փոխանցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ողջույնը։ Հանդիպման ընթացքում հիշատակվել է նաև այս տարի Մյունխենում Գալանտի ու Ալիևի հերթական հանդիպումը։
Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացից, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության տեմպերից։ Կարևորվել է նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը։
Յոավ Գալանտից առաջ Բաքու էին ժամանել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը։ Վերջինս Բաքվում հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական և հզոր ճակատ» են փնտրում՝ ի նկատի ունենալով Իրանի դեմ երկու երկրների համագործակցությունը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել