Քննարկվել են մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և CTS ամենամյա 11 րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Երևանում գտնվող Վրաստանի, Աջարիայի և Հնդկաստանի պատվիրակությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ճամփորդական գործակալների հայկական և ամերիկյան միությունների հայկական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված ցուցահանդեսին այս տարի աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը:
Համառոտ ներկայացնելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը' Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը ունի լավ էներգետիկա և հստակ քայլեր են ձեռնարկվում «Երևան» բրենդը աշխարհին ներկայանալի ու ճանաչելի դարձնելու առումով:
«Փորձելու ենք Երևանում ձևավորել զբոսաշրջային գրավիչ միջավայր'հագեցած մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Ունենք կոնկրետ նախագծեր և քայլեր ենք ձեռնարկում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, որոնցից են «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը, «Նոյ Լենդ» զբոսաշրջային կենտրոնը, «Հրազդանի կիրճ» հանգստի գոտին, «Արտ Վիլիջ» արվեստի կենտրոնը և այլն: Երևանը պետք է գրավիչ լինի բոլորին և այդ ճանապարհին պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ» ,- նշել է քաղաքապետն ու ավելացրել, որ մի շարք ծրագրեր կան նաև նոր հյուրանոցների կառուցման ուղղությամբ:
Ներկայացնելով երևանյան տպավորությունները, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ իրենց նպատակները համընկնում են և առաջիկայում համատեղ փոխշահավետ ծրագրեր կիրագործվեն: 11-րդ ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում հյուրերը այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել