
G7-ի երկրները Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին հայտարարություն են ընդունել
G7-ի երկրները հայտարարություն են ընդունել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ և խոստացել Կիևին մշտապես ցուցաբերել ռազմական աջակցություն։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ինչպես հայտնում է AFP-ն, G7-ի երկրները խոստացել են, որ կաշխատեն Ուկրաինայի հետ «անվտանգության ոլորտում կոնկրետ երկկողմ երկարաժամկետ պարտավորությունների և պայմանավորվածությունների շուրջ», որոնք նպատակամիտված կլինեն ստեղծելու ուժեր՝ «հիմա Ուկրաինային պաշտպանելու և ապագայում ռուսական ագրեսիան կանխելու» համար։
G7-ը հայտարարել է, որ պատրաստվում է ուկրաինական զորքերին տրամադրել «ինչպես ցամաքում, այնպես էլ օդում և ջրում, ժամանակակից ռազմական տեխնիկա»։ «Առաջնահերթությունը կտրվի հակաօդային պաշտպանությանը, հրետանուն և հեռահար զինատեսակներին, զրահատեխնիկային և այլ հիմնարար հնարավորությունների, ինչպես օրինակ, ռազմական ավիացիային»,- ասված է հայտարարության մեջ։
G7-ի երկրները խոստացել են Ուկրաինային նաև տրամադրել օպերատիվ ռազմական և ֆինանսական օգնություն՝ «Ռուսաստանի հետագա զինված հարձակման դեպքում», եթե ՌԴ իշխանություններն ընթացիկ հակամարտության ավարտից հետո նոր պատերազմ սկսեն։
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հռչակագիրը, որպես այդպիսին, շրջանակային փաստաթուղթ է։ Հաջորդ փուլում Ուկրաինան երաշխավոր երկրների հետ պետք է կնքի երկկողմ պայմանագրեր։ «Հռչակագրի գլխավոր թեզը այն փաստի հաստատումն է, որ Ուկրաինայի անվտանգությունը հանդիսանում է Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ»,- ասել է Երմակը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի համար G7-ի երաշխիքները «ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգության համար», ինչը կունենա «բացասական հետևանքներ»։
Լուսանկարը՝ Paul Ellis/Pool/Getty Images
Մեկնաբանել