
Ա. Լենցովը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ. ԱՀ պետնախարար
Այսօր Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա. Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա, ընդունել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, արգելափակված է Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, խախտված է եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Ա. Լենցովը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ»,- գրել է նա։
Մեկնաբանել