HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատում ՃԵ նշանները գետնին ընկած են, ծառերի հետևում են կամ ժանգոտած ու անընկալելի

Գլխավոր լուսանկարն արվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հարևանությամբ: Միակ պատկերը չէ, երբ ճանապարհային երթևեկության (ՃԵ) նշաններն իրենց տեղում չեն: Վաղարշապատում վարորդները ՃԵ նշանները փնտրում են ծառերի հետևում, գետնի վրա ընկած, ցանկապատերին ամրացված կամ այդպես էլ չեն գտնում որևէ նշան:

Միայն Վաղարշապատի ոստիկանության բաժնի մոտակայքում՝ մոտ 100 մետր շառավիղով, ՃԵ նշանների տեղադրման մի քանի անհամապատասխանություններ ենք արձանագրել: Այս երևույթը նոր չէ, պարզապես ոչ համայնքապետարանին, ոչ էլ շահագրգիռ այլ մարմիններին չի մտահոգում առկա պատկերը:

Վաղարշապատի համայնքապետարանում չգիտեն, թե վարչական տարածքում գտնվող որ ճանապարհներն ունեն լուսացույցներով ու ճանապարհային նշաններով կահավորելու կարիք:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 25-ի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ համայնքի վարչական սահմաններում ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրելու և գծանշումներ կատարելու համար: Վերջինս իրականացնելու է փողոցների հաշվառում, իրավիճակի և անհրաժեշտության գնահատում:

Քաղաքում փողոցների մեծ մասում չկան ճանապարհային նշաններ կամ ամրացված են որտեղ պատահի: Նույնիսկ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած նշաններ կան, որոնք գունաթափվել են ու դարձել դժվար ընկալելի: Նմանատիպ նշանները չեն փոխարինվել անգամ դպրոցների մոտակա և հասարակական ակտիվ երթևեկելի տարածքներում:

Համայնքում սա համատարած բնույթ է կրում: Տարիների ընթացքում որոշ նշաններ տեղադրվել են կամ փոխարինվել, սակայն դրանից վիճակը չի փոխվել: Օրինակ՝ համայնքապետարանը 2021-2022թթ. գնել է ընդամենը ՃԵ 11 նշան, որի դիմաց վճարել է 142 հազ. 500 դրամ:

«Հանձնաժողովի կատարած աշխատանքների ավարտին միայն կարող ենք տրամադրել ամբողջական պատասխան՝ լիարժեք և ոչ լիարժեք կահավորված փողոցների, ճանապարհային նշաններով կահավորելու անհրաժեշտություն ունեցող փողոցների թվի, լուսացույցներով կահավորելու անհրաժեշտություն ունեցող հատվածների վերաբերյալ»,- «Հետք»-ին փոխանցում է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո պարզ կլինի նաև անհրաժեշտ գումարի չափը:

«Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման ու տեղակայման կանոնները  հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն, նշանների մակերևույթը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, որոնք կդժվարացնեն դրանց ընկալումը:

Բացի այդ, նշանները պետք է տեղակայվեն այնպես, որ դրանք չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տեղակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեսանելի լինեն երթևեկության մասնակիցների համար (օրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության սյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին:

Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ վնասված նշանները պետք է փոխել կամ վերականգնել դրանց հայտնաբերումից հետո 3 օրվա, իսկ առավելության նշանները` մեկ օրվա ընթացքում: Մինչդեռ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքում այդ նշանները տարիներով չեն փոխվում, ավելին՝ չեն էլ վերացվում խոչընդոտները, տեղակայվեն ճիշտ վայրերում, որն առանձնակի ծախս չի ենթադրում:

Նշանները տեղակայվում են անմիջապես խաչմերուկից, հետադարձի տեղից, սպասարկման օբյեկտներից և այլնից առաջ, իսկ անհրաժեշտության դեպքում` բնակավայրերում դրանցից առաջ` ոչ ավելի, քան 25 մ: Մինչդեռ ոստիկանության բաժանմունքից քիչ հեռու գտնվող խաչմերուկից հետո է նշանը տեղադրված և այնպես, որ «նայի» մայթին:  

Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ունե՞ն տեղեկություններ ճանապարհային նշանների բացակայության կամ սխալ տեղադրման պատճառով Վաղարշապատի ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքում լուսացույցի կամ ճանապարհային նշանների թերությունների հետևանքով մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն հաշվառվել։

Նմանատիպ հարցում ուղարկել էինք նաև Ավտոապահովագրողների բյուրո: Ստացել ենք պատասխան, որ «այս պահի դրությամբ Բյուրոն չի տիրապետում պատշաճ վիճակագրություն՝ առ այն, թե ԱՊՊԱ ոլորտում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից քանիսն են տեղի ունեցել ճանապարհային նշանների բացակայության կամ ոչ ճիշտ տեղադրման պատճառով»:

Սակայն հայտնում են, որ 2023թ. ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում հնարավորություն է ստեղծվել համապատասխան փորձագետների կողմից պատահարի առաջացման կողմնակի պատճառների (ներառյալ՝ ճանապարհային նշանների բացակայության կամ ոչ ճիշտ տեղադրման) վերաբերյալ իրենց եզրահանգումները մուտքագրելու համար: Այժմ փորձագետների կողմից նշված տեղեկատվությունը լրացվում է ոչ պատշաճ վերլուծելի տեսքով, ուստի Բյուրոն նախատեսում է առաջիկայում նախաձեռնել բարելավումներ, որի արդյունքում հնարավոր կլինի տարանջատել վթարի առաջացման պատճառները։

Վթարներ կամ նմանատիպ իրավիճակներ հաճախ են արձանագրվում Վաղարշապատի թիվ 4 դպրոցի մոտակա՝ Իսակով-Սպանդարյան-Արամ Ասատրյան փողոցների հատման հատվածում։ Տարիներ առաջ տեղադրված է եղել ճանապարհը զիջելու նշան: Սակայն այդ նշանն անհետացել է. վարորդները հատում են այն՝ որպես հավասարազոր խաչմերուկ: Վթարն արձանագրելու ժամանակ անհամաձայնություններ են առաջանում, քանի որ Սպանդարյան փողոցը հատողները պնդում են, որ երթևեկել են գլխավոր ճանապարհով։ 

Որպես օրինակ՝ հետաքրքրվել եինք Բյուրոյից, թե այդ հատվածում քա՞նի վթար է արձանագրվել:

«Ինչ վերաբերում է կոնկրետ հասցեներում տեղի ունեցած պատահարների մասին վիճակագրությանը, ապա տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պարտադիր լրացվում է տեղեկատվություն այն մասին, թե կոնկրետ որ հասցեում է տեղի ունեցել վթարը, սակայն հաշվի առնելով, որ տվյալը մեծ մասամբ լրացվում է տեքստային ձևաչափով, այս պահին հնարավոր չէ արտահանել տեղեկատվություն, թե կոնկրետ հասցեում որոշակի ժամանակահատվածում քանի վթար է տեղի ունեցել: Տեղեկացնում ենք նաև, որ մոտ ապագայում Բյուրոն կիրականացնի ծրագրային ապահովումներ, որը թույլ կտա ստանալ վթարի հասցեի թվային կոդը։ Նշված փոփոխություններից հետո հնարավոր կլինի ուսումնասիրել պատահարները՝ ըստ տեղի ունենալու հստակ վայրի»,- նշված է պատասխանում:

Նշենք, որ ՃԵ նշանների բացակայության, դրանց ոչ ճիշտ տեղադրման հետ վարորդներն առերեսվում են գրեթե բոլոր համայնքներում: Չկա որևէ հսկողություն: Իսկ Վաղարշապատի օրինակով պարզ դարձավ, որ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերը նույնիսկ ոստիկանությանը չեն հուզում, երբ ամեն օր տեսնում են խախտումներն ու չնկատելու տալիս: Մինչդեռ դատելով վերջինիս գործառություններից՝ պետք է հակառակը լիներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter