HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայկական թոնրի ուղին՝ սրբավայրից մինչև պարզ կենցաղավարություն և ռեստորանային բիզնես

Երկրի վրա արեգակի խորհրդանիշը համարվող թոնիրը հայերն օգտագործել են դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից: Նրանք մայր մտնող արևի շարժմանը նմանեցնելով՝ կավե մեծ անոթներ էին պատրաստում, որ թաղում էին գետնի մեջ՝ օգտագործելով հաց և սնունդ պատրաստելու համար: Հնում հայերի մոտ թոնիրը արևի խորհրդանիշն էր, իսկ լավաշը՝ խոնարհումն Աստծուն: Հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս խոնարհվել են թոնրի առաջ, ինչպես Աստծո առաջ: 

Թոնիրը պետք էր միշտ մաքուր պահել: Այն համարվում էր սուրբ վայր: Թոնրի շուրջ արգելվում էին վատ բառեր արտասանելն ու հայհոյանքը: Քրիստոնեական շրջանում, այն բնակավայրերում, որտեղ եկեղեցի չի եղել, զույգերը պսակադրվել են թոնրատանը: Հարսն ու փեսան ձեռք ձեռքի տված պտտվում էին թոնրի շուրջ, հետո հարսը հայրական տան թոնրից վերցրած մեկ բուռ մոխիր էր լցնում ամուսնու տան թոնրի մեջ: Այսպիսով, աղջիկը մինչև մահ իրեն կապում էր տղայի օջախի հետ: Գետնափոր թոնրի կրակն ու ծուխը հանդիսանում էին ընտանիքի ամրության և խաղաղության խորհրդանիշերը: 

Թոնրում հացից բացի պատրաստում էին նաև գաթա, ղափամա, հարիսա, պասուց տոլմա և այլ կերակրատեսակներ: Երբ հաց թխելու արարողությունն ավարտվում էր, իսկ թոնրի մեջ դեռ պահպանվում էր կրակի ջերմությունը, տան անդամները հավաքվում էին թոնրի շուրջ՝ ոտքերը կախելով նրա մեջ: Սա հատկապես հաճելի արարողություն էր խոնավ աշնանն ու ցուրտ ձմռանը:  Կոչվում էր «քուրսի նստել», որ նաև բուժական նշանակություն ուներ:

21-րդ դարն իր «շտկումներն» է անում բազմաթիվ ոլորտներում, բարելավում կամ ձևախեղում ավանդույթներն ու սովորույթները: Գյուղական բնակավայրերում սրբավայր համարվող թոնրատունն ու թոնիրը մեծամասամբ դադարել են կատարել իրենց գործառույթները: Հայ կինն այլևս չի թխում ընտանիքի հանապազօրյա հացը՝ գերդասելով այն գնել խանութից: Գյուղերի մեծ մասում հազվադեպ են հանդիպում ընտանիքներ, որտեղ գոնե ամիսը մեկ անգամ լավաշ թխելու պատրաստություն են տեսնում: Շատ թոնրատներ փակված են ընդմիշտ: Թոնիր պատվիրում են հիմնականում նորաբաց հյուրատներն ու ռեստորանները: 

Սառնաղբյուրցի Մարգարիտա Մելիքյանի ընտանիքում թոնրատունը շաբաթը մեկ լցվում է աթարի ծխով ու շնչում լավաշի բույրով: Տարիներով սահմանված ավանդույթներն այստեղ սրբորեն պահպանվում են՝ փոխանցվելով մորից աղջկան, սկեսուրից՝ հարսին: 58-ամյա տիկին Մարգոն առաջին անգամ լավաշ թխել է ամուսնու տանը, թեպետ հայրական տանը մայրը դրանով զբաղվում էր: Սկզբում խմորե գունդն էր բացում, իսկ հետո արդեն նստեց թոնրան գլխավերևում: Ինչպես խոհանոցում են ճաշի շերեփը սկեսուրները հանձնում հարսներին, այնպես էլ, տարիներ անց, հաց թխելու պարտականությունը: 

«24-25 տարեկանից եմ սկսել թխել, սկեսուրս ասաց՝ ձեր երեխեքն են ուտում, դու էլ արա,-պատմում է տիկին Մարգոն,-ինչքան էլ ասեն լավաշ թխելը ծանր գործ է, կրակի մոտ նստելը դժվար է, մենակ էն միտքն օր ընտանիքիս անդամները մաքուր սնունդ կուտեն, արդեն մեծ բան է: Մեր սնունդի մեծ մասը տնից է՝ կաթ, մածուն, կարագ, ձու, միս, հաց: Մենք կստեղծենք, մենք էլ՝ կսպառենք: Տունը 11 անձ ենք՝ երկու տղես, հարսներս, թոռներս, ամուսինս, ես: Հարսներս ընձի կօգնեն՝ խմորն էլ կբացեն, ճաշն էլ կեփեն, խմորեղենն էլ կսարքեն: Մենք սաղ կյանքներս չենք իմացել խանութից հաց առնելն ինչ բան է: Գյուղերում համ էլ ամոթ բան է համարվել, օր դու հացը չթխես, քաղքցու նման խանութից առնիս: Հըմի, շաբաթը մեկ, 60-70 հատ լավաշ կթխենք, ձմռան ամիսներին խմորն ավելի շատ կենենք, օր հացը շատ էղնի, թնդիրը ուշ-ուշ վառենք»:

Տիկին Մարգոյի հաշվարկով՝ տան թոնիրն արդեն 30 տարուց ավելի է ծառայում է իրենց, սակայն եկել է փոխելու ժամանակը: «Մեր գյուղացի թնդրագործ Սպարտակից պիտի առնենք, էս հինն էլ է իրա սարքածը: Ինքն էլ կգա, կհորի, կթրծի, հետո խորոված կանենք, կուտենք, կխմենք, կգնա: Ադաթ է՝ թոնիրը հորելիս պիտի խորոված անենք»,-տիկին Մարգոն ծիծաղում է: 

Սպարտակ Ասլանյանը սառնաղբյուրցի բրուտագործների տոհմի ամենահայտնի շառավիղն է Շիրակի մարզում ու մարզի սահմաններից դուրս: Վերջին անգամ նրան հանդիպել էի 12 տարի առաջ՝ ակնարկ պատրաստելու նպատակով: Այս անգամ էլ չենք խախտում ավանդույթն ու ուղևորվում ենք Ասլանյանների օջախ: 

-Հիշու՞մ եք, որ 12 տարի առաջ մտահոգություն ունեիք, թե թնդրի գործը մեռնում է, թոնրագործները պակասում,-դիմում եմ Սպարտակին:

-Հլը հաշվե, թե էն ըսածիս վրա ինչքան է անցել,-Սպարտակը խորամանկորեն կկոծում է աչքը,-էն ե՞րբ էինք հանդիպել, 2011թ-ի՞ն...էդ ժամանակ ավելի շատ դրսի պատվեր կենեինք: Ռուսաստանի հայերը շատ կպատվիրեին, մեր տեղի գյուղերից շատ քիչ էր: Հըմի էլ էնպես չէ, որ գյուղացոնց պատվերը շատացել է, ուղղակի հայ ռեստորանատերերն ու հյուրանոց-հյուրատներ ունեցողներն են ակտիվացել: Անպայման գուզեն թոնիր ունենան՝ մե մասը հացի համար, մյուս մասը՝ խորովածի: Պատվեր շատ ունինք, հազիվ կհասցնենք: Հա, թնդրի պատվերն ավելցել է, բայց թնդրագործները չեն շատացել: Ում գիտեիր, ովքեր կային մեր գյուղում, էլի իրանք են:

Զրուցելով մտնում ենք ընդարձակ սրահ, որտեղ պատրաստի թոնիրներն են: Կողքի սենյակում Սպարտակի տղան ոտքերով կավն է շաղվում: Մեկ թոնրի պատրաստման համար 150-200 կգ կավ է պահանջվում: Կավը բերում են Արագած լեռան փեշերից: Գարունը բացվելուն պես սկսում են կավ ամբարելու գործով զբաղվել: Փորձառու բրուտագործները գիտեն, թե որտեղից վերցնեն հարկավոր կավը, ինչ խորությունից: Բացատրում են. ամեն տեսակի կավով չի կարելի պատրաստել, թրծելուց կճաքի:

 3 մաս կավ, մեկ մաս ավազ հարաբերությամբ խառնուրդը թրջում, թողնում են 4-5 օր, մինչեւ կավը թթվի, փափկի, հետո սկսում են շաղվել: Մշակում են մինչեւ այն աստիճան, որ հասկանան` ձեռքի տակ հնազանդ հումք է ստացվել: Նախնական աշխատանքը շատ կարեւոր է: Ձմռանը սովորաբար գործ չեն անում: Սեզոնը սկսվում է գարունը բացվելուն պես ու ավարտվում, երբ ձյունը ծածկում է Արագածի փեշերը: Շատ ժամանակ կավը պահեստավորում են ուշ աշնանը, որ տաքերն ընկնելուն պես սկսեն աշխատել: Թոնիրը մաս-մաս են հավաքում, որ հարթեցման աշխատանքները հեշտ լինեն, եթե միանգամից բարձրանան` փուլ կգա: Հետո սկսվում է թրծման պրոցեսը:

Սպարտակը հիշում է, որ խորհրդային տարիներին տարեկան 100 հատ թոնիր են վաճառել` 50-ից 70 ռուբլով: Գումարն այնքան է եղել, որ կարողացել են կահույք ու մեքենա գնել: Ներկայում թոնրի գինը տատանվում է 50-80 հազար դրամի սահմաններում: Տարվա կեսն աշխատում են, մյուս կեսը հարկադիր պարապուրդի մեջ են:  Չեն դժգոհում, քանի դեռ լավաշը հայի գերադասելի հացատեսակն է, մյուս կողմից էլ թոնրում պատրաստվող կերակուրները գնահատողներն են շատանում, իրենց արհեստը միշտ պահանջված կլինի: «Մենակ մե բանըմ լավ չէ, օր թնդրատները կպակսին գյուղերում, լավաշ թխելը գյուղի կանայք տանջանք կհամարին: Չես մեղադրի, բայց դրա հետ ավանդույթներն էլ կկորին,-նկատում է Սպարտակը,-հըմի ավելի շատ հարուստները թնդիր կառնին, էն էլ խորովածի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter